
Վրաստանի դպրոցներում ուսումնական գործընթացը չի դադարեցվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին կայացած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Ինչպես նշել է Գաբունիան՝ դպրոցներում ուսումնական գործընթացը կշարունակվի հիբրիդային ձևով։
«Ուսումնական գործընթացը կշարունակվի այնպես, ինչպես հիմա է»,- ասել է Գաբունիան՝ ընդգծելով դպրոցների՝ գործընթացների կառավարման պատրաստվածությունը։
Այժմ դասապրոցեսն իրականացվում է հիբրիդային ռեժիմով՝ դասասենյակներում և հեռավար, որի որոշումը կայացնում է դպրոցը կամ ծնողը՝ ելնելով առկա համաճարակաբանական իրավիճակից։
Հիշեցնենք՝ երեկ առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին ասել էր, որ եթե առաջարկ լինի, ապա կքննարկվի դպրոցների և մանկապարտեզների հեռավար ուսուցման հարցը։