Կամերունից Վրաստան ներգաղթած Ջորջ Վեմսը Ռուսթավի քաղաքում արդեն 10 տարի անգլերեն է դասավանդում, ունի նաև իր զբոսաշրջային կազմակերպությունը Թբիլիսիում։ Նա աշխատում է և՛ փոքրերի, և՛ մեծահասակների հետ։ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում Վեմսն անկեղծանում է, որ երբեմն մտածում է Վրաստանից գնալու մասին, սակայն միշտ հետաձգում է և շարունակում ապրել այս երկրում։
«Վրաստան գալ ի սկզբանե չեմ որոշել, չէի պատկերացնում որ կհայտնվեմ այստեղ և կորոշեմ ապրել, սակայն Վրաստանի մասին դեռևս դպրոցից գիտեի. այստեղ շատ բան եմ սիրում, հենց ինքը` երկիրը, շատ հյուրընկալ է, մարդիկ հիմննականում բարի են։ Բնականաբար, չեմ կարող ժխտել, որ երբեմն նաև պատահում են դեպքեր, երբ խտրականություն եմ տեսնում իմ հանդեպ, սակայն դա հիմք չի Վրաստանից հիասթափվելու համար», — ասում է ուսուցիչը։
Վեմսը տարիների ընթացքում յուրացրել է նաև վրացերենը. ոչ միայն հասկանում է, նաև խոսում է վրացերեն։
«Վրաստանը շատ եմ սիրել, կարողացել եմ դառնալ իր մի մասնիկը, այդ պատճառով էլ հետաքրքրություն է առաջացել ինձ մոտ` ուսումնասիրել նրա մշակույթը, պատմությունը, տեսարժան վայրերը, նաև լեզուն։
Մայրաքաղաք Թբիլիսին էլ եմ սիրում, սակայն ինքս ինձ գտա Ռուսթավիում, ավելի փոքր, գողտրիկ քաղաքներ եմ սիրում», — պատմում է Վեմսը։
Վեմսի հետ այս տարիների ընթացքում քիչ չի պատահել, որ իր մաշկի գույնի պատճառով խտրական վերաբերմունքի է արժանացել, բայց, ըստ նրա, միայն Վրաստանում չէ, շատ երկրներում են հնարավոր նման դեպքեր․
–Երբ նոր էի եկել ավելի հաճախ էի բախվում խստրականությանը, բայց հիմա համեմատաբար նորմալ է Վրաստանի բնակիչների համար` փողոցում քայլելիս տեսնել սևամորթ մարդու։ Երևի Ռուսթավի ես եմ առաջինը գնացել և որոշել ապրել այնտեղ։ Ուստի զարմացած մարդիկ շատ էին հանդիպում. մի անգամ հասարակական տրանսպորտում մեկն իրեն շատ վատ պահեց, — պատմում է Վեմսը, – հարձակվեց վրաս ու գոռում էր` դու ինչ ես անում իմ երկրում, գնա քո երկիր… Սկզբում փորձեցի ուշադրություն չդարձնել, բայց հետո որոշեցի դիմել իրավաբանական աջակցության, և որոշ չափով իր պատիժը ստացավ վերջինս»։
Անգլերենի ուսուցչի հետ պատահել են նաև դեպքեր, որոնց մասին ծիծաղով է հիշում․ «Մի անգամ ոստիկանությունը կանգնեցրեց, փաստաթղթերս պահանջեց, տվեցի, և ոստիկանության աշխատակիցը զարմանքով հարցրեց․ «Վրացական վարորդական իրավունք քեզ որտեղի՞ց», պատասխանեցի` բոլորի նման քննություն եմ հանձնել ու վերցրել»։
Վրաստանում գուցեև տնտեսությունն այնքան էլ զարգացած չէ, բայց շատ աշխատելու դեպքում կարող ես բավարարել կարիքներդ. իհարկե` միլիոններ չեմ աշխատում, բայց իմ աշխատանքը շատ եմ սիրում, հատկապես սիրում եմ աշխատել փոքրիկների հետ։ Շատ է պատահում, երբ զարմանում են, որ վրացերեն գիտեմ, ապշած հարցնում են․ «Մաս քառթուլի իցի՞ (ուսուցի՛չ, վրացերեն գիտե՞ս)»։
Վեմսը ցանկացողներին նախապատրաստում է նաև քննությունների համար, ուրախությամբ է օգնում ուրիշներին, որ միջազգային լեզու սովորեն, ասում է․ «Ի պատասխան` ես էլ Վրաստանի պետական լեզուն եմ սովորում»։