«Ուսուցչի ազգային մրցանակ 2023»-ի տասնյակում ընդգրկված ուսուցչուհու հաջողության ուղին

2023 թվականի «Ուսուցչի ազգային մրցանակ 2023»-ի տասնյակում ընդգրկված է նաև Ռադիոնովկա գյուղի հանրային դպրոցի հայազգի ուսուցչուհի Մանուշակ Մկրտչյանը։ Նա վրացերենը որպես երկրորդ լեզու առարկայի ուսուցչուհի է, 15 տարի դասավանդում է Ռադիոնովկայի դպրոցում։ Ուսուցչուհին մեծ հուզմունքով է վերաբերվում լավագույն տասնյակի մեջ ընդգրկվելու փաստին, նշում է, որ շատ ջանք է ներդրել հասնելու համար նման բարձր արդյունքի։

«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Մկրտչյանն ասաց, որ մանկավարժությունն իր համար արվեստ է, ոչ թե աշխատանք, հետևաբար՝ այդ մրցանակն իր արվեստի գնահատականն է․

«Չեմ կարող նկարագրել զգացմունքներս, այնքան կարևոր մրցանակ էր սա ինձ համար, լինելով վրացիների և այլ ազգի ուսուցիչների հետ միասին լավագույն 10-յակում, որպես ուսուցիչ՝ մեծ պատիվ ու հպարտություն եմ զգում։ Սա շատ կարևոր է ոգեշնչելու համար ուսուցիչներին, որ էլ ավելի մեծ ոգևորությամբ կատարեն իրենց աշխատանքը, կրթեն երիտասարդներին, իմ  դեպքում՝ ներդրում ունենան պետական լեզվի իմացությունը խթանելու գործում»։

«18 տարեկանից սկսել եմ աշխատել դպրոցում, այնուհետև, փորձ ձեռք բերելուց հետո, հանձնել եմ ուսուցչի կարգավիճակի բարձրացման քննությունները և դարձել ավագ ուսուցիչ, որը ևս շատ բարդ պրոցես էր», — պատմում է ուսուցչուհին։

Մկրտչյանը նշեց, որ բարդ է եղել դասավանդման համատեղումը կենցաղային աշխատանքների, երեխաների դաստիարակման և գյուղատնտեսության հետ։ Ռադիոնովկա գյուղի ուսուցչուհու ընտանիքը 30 եղջերավոր անասուն է պահում, որոնց խնամում են ինքն ու ամուսինը։

Այսուհանդերձ, Մանուշակ Մկրտչյանը գերադասում է քաղաքացիական ակտիվությունը, ինչպես ինքն է պատմում՝ նախագծեր է իրականացրել, իսկ որոշ նախագծեր էլ պատրաստվում է իրականություն դարձնել։

«Դրանցից բացի, իմ տանը երեխաների համար անվճար դասընթացներ եմ անցկացնում, հանգստյան օրերին էլ պարապում եմ վրաց լեզու։ Շատ պլաններ ունեմ, մի մասը կատարված են, մի մասն էլ առաջիկայում պիտի կատարվեն։ «Լավագույն ուսուցչի ազգային մրցանակ 2023»-ի 10-յակում հայտնվելը ևս իմ նպատակներից մեկն էր, որը, հույս ունեմ, շատերի համար կդառնա օրինակ։ Այս և այլ մրցույթներում միշտ փորձում եմ Ջավախքի անունը բարձր պահել, որպեսզի այստեղից էլ լինեն ներկայացուցիչներ», — ասում է ուսուցչուհին։

«Նաև ունեմ երեխաների համար ճամբար ստեղծելու նախագիծ, ուզում եմ փոխանակման ծրագիր իրականացնել, որի շրջանակներում Վրաստանի այլ քաղաքներից գան մեզ մոտ, և մեր երեխաներն էլ գնան այլ քաղաքներ, ինչը երկու դեպքում էլ, կարծում եմ, արդյունավետ կլինի։ Մեր գյուղում շատերը չգիտեն վրացերեն տառերը, հետևաբար գյուղացիների հետ միասին որոշել ենք Կուրղան սարի վրա փորագրել Վրաստանի դրոշը, և հիմա պետք է կողքին գրենք վրացերենի 33 տառերը»։

Վերհիշելով իր ուսուցչական գործունեության սկիզբը՝ Մկրտչյանն ասում է, որ իր գյուղի հիմնախնդիրներն են իրեն հուշել դառնալ ուսուցչուհի․

«Մասնագիտությունս՝ մանկավարժություն, ընտրել եմ նաև մեր գյուղի կարիքներից ելնելով, վրացերենի ուսուցիչները մեր գյուղում երկար չէին մնում, տարվա կեսից գնում էին վատ եղանակային պայմանների պատճառով, ճանապարհները փակվում էին, մի խոսքով` դժվար էր գալ մեր գյուղ դասավանդելու։

7-րդ դասարանից տեղափոխվեցի հարևան Փոկա գյուղ, որտեղ իմ վրաց լեզվի ուսուցչուհին դարձավ ինձ համար օրինակ, ոգեշնչում, և ես էլ որոշեցի որ պիտի վրացերեն դասավանդեմ։ Ես էլ, սիրելով վրաց լեզուն, սկսեցի ուսումնասիրել, այդ ընթացքում ինձ շատ օգնեցին իմ վրացի ընկերները, նրանց հետ հաղորդակցությունը»:

Նշենք, որ «Լավագույն ուսուցչի ազգային մրցանակ 2023»-ի դափնեկիրը հայտնի կդառնա ուսուցիչների միջազգային օրը՝ հոկտեմբերի 5-ին։ Մրցույթի գլխավոր հովանավոր «Գուդավաձե-Պատարկացիշվիլի» հիմնադրամը դափնեկրին 15 հազար լարի դրամական պարգև կտա, իսկ «Լիբերթի բանկը» կպարգևատրի լավագույն տասնյակի մնացած անդամներին։