Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել՝ խարդախությամբ խոշոր չափի գումար ձեռք բերելու փաստով։ Դատախազության տվյալներով՝ Ներքին գործերի նախարարության անցկացրած քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ապօրինի կերպով գումար յուրացնելու նպատակով, քաղաքացիներին համոզել է, որ որպես Թբիլիսիի տեխնիկական համալսարանի դեկան կարող է առանց միասնական ազգային քննությունների ընդունել բուհ՝ 3000-5000 լարիի դիմաց։
«Մեղադրյալը խաբել է նաև մի քանի ուսանողի, թե, իբր, գործող ուսանողական ծրագրի շրջանակներում Թբիլիսիում կարող է բնակարաններ վաճառել ուսանողներին նվազագույն գնով՝ 7000-11000 լարիով։
Նշված սխեմայով մեղադրյալը խաբել և գումար է շորթել 10 քաղաքացուց՝ ընդհանուր 119 հազար լարի։
Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են 2023 թվականի հունվարի 21-ին՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշման հիման վրա։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և 3-րդ մասի «բ» ենթակետով (խարդախություն, խարդախությամբ ուրիշի գույքի ապօրինի յուրացում` պատճառելով զգալի վնաս), որը նախատեսում է ազատազրկում՝ վեցից ինը տարի ժամկետով։