Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայում կատարվող դեպքերի առնչությամբ ու նշել, որ տեղի ունեցողը բացարձակապես անընդունելի է համարում.
«Մենք մտահոգված ենք Ուկրաինայում ընթացող պատերազմով, ևս մեկ անգամ ուզում եմ արտահայտել մեր սրտացավությունը։ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, բացարձակապես անընդունելի է։ Ուկրաինա ներխուժելը և այնտեղ ռազմական գործողություններ իրականացնելը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին ու կանոններին»։
Վարչապետը նաև ընդգծել է, որ Ուկրաինա է ուղարկվել 100 տոննա մարդասիրական օգնություն, և Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիները կօգտվեն անվճար ծառայություններից։
«Միջազգային բոլոր հարթակներում՝ լինի դա ԵԱՀԿ նախարարական, թե ՄԱԿ-ի ձևաչափ, մենք աջակցություն և համերաշխություն ենք հայտնել Ուկրաինային։ Իմ հանձնարարությամբ Վրաստանի ԱԳ նախարարը մասնակցեց ԵԱՀԿ նախարարների հանդիպմանը, և Վրաստանը միացավ նաև ԵՄ համաձայնագրին՝ ևս մեկ անգամ հստակորեն հայտնելով մեր աջակցությունը Ուկրաինային», — ասել է Ղարիբաշվիլին։