Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանի պատգամավորները պահանջում են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցող կամավորները վերականգնողական բուժումը ստանան ռուսական բուժհաստատություններում: Այս մասին հայտարարել է դե ֆակտո խորհրդարանի պատգամավոր Էլենա Գիոևան։
«Հարավային Օսիայից մեծ թվով կամավորներ ակտիվորեն մասնակցում են հատուկ ռազմական գործողությանը ռուս զինվորականների, կամավորների ու մոբիլիզացվածների հետ միասին։
Հաշվի առնելով, որ այստեղ չկան վերականգնողական կենտրոններ կամ բուժհաստատություններ, որտեղ նրանք վերականգնողական կուրսեր կանցնեն, մենք ցանկանում ենք, որ նրանք ունենան այդ հնարավորությունը Ռուսաստանի համապատասխան հաստատություններում»,- ասել է Գիոևան:
Օսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական կողմը պատասխանել է, որ նման նախաձեռնությունն իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան իրավական համաձայնագիր ստորագրել։
Ի դեպ, 2023 թվականի փետրվարի 20-ին՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից մեկ տարի անց, Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևը հրամանագիր է ստորագրել «ռազմական գործողության» մասնակիցներին և նրանց ընտանիքներին աջակցելու մասին։ Հրամանագիրը նախատեսում է իրավական վեճերի, վարկային պարտավորությունների դադարեցում և այլն։