Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Շվեյցարիայում անցկացված «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում հանդիպել է Եվրոպական միության և մի շարք երկրների առաջնորդների հետ:
Մասնավորապես, Վրաստանի նախագահը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ։
Վրաստանի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Վրաստանում տիրող իրավիճակի և առաջիկա ընտրությունների նշանակության, Վրաստանի քաղաքական լանդշաֆտի և Վրաստանի համար որպես ուղեցույց «Վրացական խարտիա»-ի մասին, որը համահունչ է Վրաստանին Եվրոպական միության ներկայացրած առաջարկներին: Նախագահները քննարկել են նաև Վրաստանի եվրոպական ապագայի ապահովմանն անհրաժեշտ քայլերը։
Զուրաբիշվիլին և Բորելը քննարկել են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի առաջընթացը երկրի համար այս ճգնաժամային պահին և նշել, որ հոկտեմբերի ընտրությունները ևս մեկ անգամ ցույց կտան Վրաստանի ամուր նվիրվածությունը եվրոպական արժեքներին։ Հանդիպման ընթացքում խոսվել է «Վրացական խարտիա»-ի մասին:
Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գրել է. «Շնորհակալ եմ ձեր առաջնորդության համար: Ես մեծապես հարգում եմ ձեր նվիրվածությունը Վրաստանի եվրոպական ապագային: Վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունն այս ճանապարհի աջակիցն է: Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան»:
Զուրաբիշվիլին Զելենսկուն՝ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշման կապակցությամբ, ևս մեկ անգամ հաստատել է իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն Ուկրաինային։
Վրաստանի նախագահն ասել է՝ Վրաստանի և Ուկրաինայի տեղը Եվրոպայում է. «Պարտադիր և կարևոր է խաղաղությունը Վրաստանում, Ուկրաինայում և ընդհանրապես տարածաշրջանում` հետագա զարգացման համար»։
Վրաստանի և Լեհաստանի նախագահները խոսել են Վրաստանում ընթացող գործընթացների և աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների կարևորության մասին։ Վրաստանի նախագահի խոսքով, գալիք ընտրությունները կլինեն երկրի համար ժողովրդավարության ամենակարեւոր փորձությունը, Վրաստանի բնակչության մեծամասնությունը երկրի զարգացման եվրոպական ուղու ջատագովն ու պաշտպանն է։
Հանդիպմանը Վրաստանի նախագահն ընդգծել է այն փաստը, որ ԵՄ անդամ երկրները չեն կարող ձեռնարկել այնպիսի միջոցներ և որոշումներ, որոնք ուղղված կլինեն վրաց ժողովրդի և երկրի դեմ։
Լեհաստանի նախագահը ևս մեկ անգամ իր լիակատար աջակցությունն է հայտնել Վրաստանի եվրատլանտյան ճանապարհին, նշել, որ Վրաստանի տեղն իսկապես Եվրոպայում է, և ինքն աջակցում է վրաց ժողովրդի կամքին և եվրաինտեգրման գործընթացին։
Նախագահները խոսել են նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, խաղաղության կարևորության մասին և իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային։
Վրաստանի ու Մոլդովայի նախագահներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Վրաստանի և Մոլդովայի եվրոպական ուղուն: Վրաստանի նախագահը շնորհավորել է Մայա Սանդուին Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու որոշման կապակցությամբ և նշել, որ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան շուտով կշարունակեն միասին շարժվել եվրոպական ճանապարհով։
Հանդիպման ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել ռուսական հիբրիդային պատերազմի դեմ ձեռնարկելիք քայլերի շուրջ, որը ներկա իրականությունն է և երկու երկրների մարտահրավերներից մեկը։ Նշվել է, որ Ռուսաստանը, իր շահերից ելնելով, արտաքին քաղաքական ընթացիկ կարևոր իրադարձությունների ժամանակ ուժեղացնում է հիբրիդային պատերազմը և հատկապես ակտիվացնում է քարոզչությունը, որը կասեցնելու համար անհրաժեշտ են հասարակության և իշխանության համատեղ ջանքերը։
Վրաստանի նախագահը հետաքրքրվել է Մոլդովայում «վեթինգի» գործընթացով: Մոլդովայի նախագահը Վրաստանի նախագահին է փոխանցել երկրում «վեթինգի» վերաբերյալ տեղեկատվություն, որը համահունչ է մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության սկզբունքներին։
Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը գրել է. «Էստոնիան կանգնած է վրաց ժողովրդի կողքին և աջակցում է Եվրոպայի մաս դառնալու նրա ցանկությանը»: