Ուկրաինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան հանդիպել է հյուրընկալող երկրի վարչապետ Դենիս Շմիգալի հետ:
Վրաստանի խորհրդարանի կայքից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բարեկամական և գործընկերական հարաբերությունները և ընդհանուր նպատակները: Շեշտը դրվել է Վրաստանի և Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացի, օկուպացիայի դեմ համատեղ ջանքերի, առևտրատնտեսական, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման վրա:
Կուճավա-Շմիգալ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Վրաստանի երրորդ նախագահ, հոկտեմբերի 1-ին Վրաստանում ձերբակալված ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի հետ կապված խնդրին:
«Մենք անդրադարձանք նաև Սաակաշվիլիի հարցին, այսպես ասեմ՝ Ուկրաինայից նրա փախուստին: Սա այն պահն է, որն իսկապես անհարմարություն է ստեղծում երկու երկրների միջև: Նրանք (Ուկրաինայի ղեկավարները) տեղյակ չէին Սաակաշվիլիի՝ Ուկրաինայի և Վրաստանի սահմաններն անօրինական հատելու ծրագրերի մասին։ Մեկ անգամ ևս շեշտել ենք, որ որևէ մեկը, այդ թվում նախկին նախագահը, երբևէ չեն կարող վատթարացնել վրաց-ուկրաինական հարաբերությունները», — ասել է Կախա Կուճավան: