Թբիլիսիի Խաղաղության կամրջի վրա համերաշխության հանրահավաք է տեղի ունեցել՝ նվիրված Ուկրաինայի միասնության օրվան:
Հանրահավաքի հիմնական ուղերձներն Ուկրաինային զենք մատակարարելու և Ռուսաստանի հետ դիվանագիտական ու տնտեսական գործունեությունը դադարեցնելու պահանջներն էին:
Հանրահավաքի կազմակերպիչներից Միխաիլո Ուլիանինը նշել է, որ միասնության օրվա կապակցությամբ նմանատիպ հանրահավաքներ են անցկացվել աշխարհի տարբեր երկրների ավելի քան 40 քաղաքներում:
«Մենք պահանջում ենք, որ Ուկրաինային աջակցող երկրները ճանաչեն Ռուսաստանին որպես ահաբեկչական պետություն, քանի որ Ռուսաստանը չպետք է որևէ հնարավորություն ունենա չեզոք երկրների օգնությամբ խուսափելու պատժամիջոցներից։ Ուստի մեր բոլոր գործընկերները պետք է խզեն նրա հետ դիվանագիտական կամ տնտեսական հարաբերությունները։
Նաև մեր խնդրանքը կապված է սպառազինության հետ։ Սա մեզ իսկապես անհրաժեշտ է: Սա մեր ցանկությունը չէ, դա Ուկրաինայի փրկության խնդիրն է, և մենք դիմում ենք բոլոր երկրներին, որպեսզի հնարավորինս շուտ զենք ուղարկեն Ուկրաինա»,- ասել է Ուլիանինը:
Հարկ է նշել, որ համերաշխության ցույցին ներկա են եղել նաև Վրաստանի քաղաքացիներ։ Խաղաղության կամրջի վրա քաղաքացիներ են եղել նաև Բուլղարիայի, Եվրամիության և ԱՄՆ-ի դրոշներով։