Մեկ շաբաթից ավել է, ինչ Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքությունը Ուկրաինայի եկեղեցուն ավտոկեֆալ վիճակ է շնորհել, սակայն վրացական կողմից ոչ մի պաշտոնական շնորհավորական ուղերձ չի հնչել:
Չնայած Պատրիարքարանի վարչակազմի պաշտոնական դիրքորոշմանը, որ հայտարարություն անեն միայն շրջաբերականը կարդալուց և Սինոդի նիստում քննարկելուց հետո, որոշ եպիսկոպոսներ՝ արքեպիսկոպոս Պետրեն, արքեպիսկոպոս Իոսեբը և արքեպիսկոպոս Գրիգոլը բացահայտորեն աջակցություն են հայտնել Ուկրաինային: Նրանք նաև կոչ են անում քաղաքական գործիչներին շնորհավորական ուղերձ հղել Ուկրաինային, հակառակ դեպքում «ստացվում է, որ երկիրը Ռուսաստանի ազդեցության տակ է» (նշենք, որ Աբխազիայի եկեղեցին «դեռևս» գտնվում է Վրաստանի Պատրիարքարանի կազմի մեջ):
Իր հերթին, Վրաստանի Պատրիարքարանը, դեռևս հոկտեմբերին տարածած հաղորդագության մեջ նշել է, որ «Մինչև Կոստանդնուպոլսի, ինչպես նաև Մոսկվայի պատրիարքարանները պաշտոնական որոշում չկայացնեն, որը հիմնված կլինի եկեղեցական կանոնական նորմերի վրա, Վրաստանի պատրիարքարանը ձեռնպահ կմնա գնահատականներից»:
Համացանցում տարածվել է վրաց եկեղեցականների Սբ. Սինոդին ուղարկված նամակը, որի միջոցով վրաց եկեղեցուց պահանջում են ուկրաինական եկեղեցուն աջակցություն ցուցաբերել:
Հիշեցնենք՝ հունվարի 6-ին Ստամբուլում Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին է հանձնվել Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի կողմից ստորագրված «տոմոսը»՝ Ուկրաինայի եկեղեցուն ավտոկեֆալություն, այլ կերպ ասած՝ անկախություն շնորհելու մասին:
Ուկրաինական եկեղեցու անկախացումը ռուսական ուղղափառ եկեղեցուց Մոսկվայում ցավոտ են ընդունում, մերժում են այն, Ռուսական ուղղափառ եկեղեցին այս անջատումը արդեն կոչել է Ուղղափառ եկեղեցու պատմության սև, ողբերգական էջ։ Մոսկվայում ուկրաինական եկեղեցու անջատումը ընկալում են որպես, այսպես կոչված, «ռուսական աշխարհի» պառակտում:
Հավելենք՝ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին դեռ հոկտեմբերին ամբողջությամբ խզել էր միջեկեղեցական հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության հետ՝ այն բանից հետո, երբ Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը չեղյալ է հայտարարել 17-րդ դարում ընդունված որոշումը, որով ուկրաինական եկեղեցին անցնում էր Մոսկվայի հովանու ներքո:
Հունվարի 13-ին արդեն, Ուկրաինական ուղղափառ եկեղեցու սինոդը որոշում է կայացրել խզել հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ՝ պատճառաբանելով, որ Կոստանդնուպոլսի միջամտությունը Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործերին և ուկրաինական եկեղեցական խնդիրը պետական իշխանության մակարդակով լուծելու փորձերն անօրինական են:
Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու որոշմանը, ապա դեռևս նոյեմբերի կեսերին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ասել է. «Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը»:
Քաղաքական արձագանք
Քաղաքական առումով վրացական կողմի համար որոշում կայացնելն ավելի կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները. եկեղեցու շուրջ վեճը հենց Ուկրաինայի և Ռուսաստանի միջև է, բնականաբար, վեճը նաև քաղաքական բնույթ է ստացել:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կասկածի տակ է դրել Ռուսաստանի պատրիարքության օրինականությունը:
«Հիմա մեր եկեղեցին օրինական է, հիմա թող իրենք պարզեն, ցույց տան մեզ, թե ո՞ւր է իրենց տոմոսը: Ստալի՞նն է ստորագրել», — ասել է Պորոշենկոն:
ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը Ուկրաինայի եկեղեցու ավտոկեֆալ վիճակը գնահատում է պատմական ձեռքբերում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, իսկ պաշտոնական ԱՄՆ-ն դեռևս հունվարի 10-ին շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին այս կապակցությամբ:
Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր Նինո Բուրջանաձեն կարծում է, որ Ուկրաինայի նոր եկեղեցու ճանաչումը կործանիչ կլինի Թբիլիսիի համար և Վրաստանի քաղաքացիների համար ամենակարևորը պետք է լինեն երկրի շահերը և միասնությունը, ոչ թե ուկրաինացի ժողովրդի շահերը` չնայած երկու ժողովուրդների սերտ բարեկամությանը:
Վրաստանում, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները եկեղեցու դիրքորոշման ուշացումը կապում են ավելի ճիշտ որոշում կայացնելու հետ: Նրանց կարծիքով, նման հարցերի շուրջ քննարկումներին ժամանակ է հարկավոր, որպեսզի սխալ քայլ չլինի. դա միասնական, ամբողջ երկրի որոշումն է՝ թեև վարչապետ Մամուկա Բախտաձեն Վրաստանի դիրքորոշման մասին հարցին չէր պատասխանել:
Ի դեպ, նման ճանապարհով ավտոկեֆալություն շնորհվել է չեխական, հունգարական և լեհական եկեղեցիներին, իսկ ԱՄՆ-ի եկեղեցու անկախությունը, որը տվել է Ռուսաստանը, Կոստանդնուպոլիսը չի ընդունում: