Ուգուլավան դիմել է նախագահին

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից, պատժի դատապարտված Գիգի Ուգուլավան դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիին` ազատ արձակվելու միջնորդության խնդրանքով։ Այս մասին հայտնել է Ուգուլավայի փաստաբան Բեկա Բասիլիան.

«Դիմել ենք նախագահին միջնորդությամբ,  որպեսզի նա օգտվի իր սահմանադրական իրավունքից ու բանտից արձակի Գիգի Ուգուլավային։ Իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ է ազատել այն անձանց, որոնց ընդդիմությունն ու հասարակության մի մասը քաղբանտարկյալ է համարում» ,-ասել է փաստաբանը։

Հիշեցնենք` ընդդիմադիր հայացքներ ունեցող, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան դատապարտվել է 3 տարի 2 ամիս ազատազրկման։