«Ուղղակիորեն դարձավ Ռուսաստանի դեսպանը». ընդդիմությունը՝ վարչապետի ելույթի մասին

Վրաստանի ընդդիմությունը քննադատում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթը Կատարի տնտեսական ֆորումում։

«Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի խոսքով, Ղարիբաշվիլին Կատարում պաշտպանել է Վլադիմիր Պուտինի դիրքերը։ Ըստ նրա՝ Ղարիբաշվիլիի ելույթն ուղիղ ուղերձ է ողջ աշխարհին, որ «իրենց հանգիստ թողնեն, իրենք Ռուսաստան են ուզում»:

«Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի անունից դուրս եկավ համաշխարհային ասպարեզ, և նա սկզբից մինչև վերջ պաշտպանում է Պուտինի դիրքերը բացարձակապես բոլոր բաղադրիչներով՝ տնտեսական առումով, ուկրաինական պատերազմի և պատժամիջոցների առումով, ուղիղ թռիչքների հետ կապված, Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման հետ կապված… Դա ուղղակի շոկ է,- ասել է Վաշաձեն։

«Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիի հայտարարությունների համաձայն, Ղարիբաշվիլին հակապետական ​​հայտարարություններ է արել և խոսել ռուս քարոզիչների լեզվով։

«Եթե ինչ-որ մեկը Վրաստանում պատերազմ է սկսում, ապա դա «ռուսական երազանքն» է, երբ հարյուր հազարավոր ռուսներ են մտնում Վրաստան, և չմոռանանք, որ վաղը Պուտինը կարող է ասել` ես գնում եմ Վրաստան՝ պաշտպանելու այդ ռուս քաղաքացիներին»,- ասել է Խաբեիշվիլին։

Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Ռոման Գոցիրիձեի խոսքով, Ղարիբաշվիլին արդեն սկսել է երկրից դուրս հակաուկրաինական հայտարարություններ անել։

«Լելո» կուսակցության անդամ Անա Նացվլիշվիլիի խոսքով, Ղարիբաշվիլին վարկաբեկում է վարչապետի պաշտոնը։

Ի դեպ, Կատարի տնտեսական ֆորումում Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկու կողմերը՝ Ռուսաստանը և Ուկրաինան, պետք է քայլեր ձեռնարկեն Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։ Բացի այդ, նրա խոսքով, միջազգային հանրությունը բավարար ջանքեր չի գործադրում երկու երկրների միջեւ խաղաղ բանակցություններ վարելու համար։

Ղարիբաշվիլին նաև նշել է՝ չի տեսնում պատերազմի ավարտի նշաններ, ինչպես նաև չի տեսնում միջազգային հանրության կողմից բավարար ջանքեր՝ խաղաղ բանակցությունների համար ճիշտ միջոցներ ձեռնարկելու համար։

Արևմուտքը բավարար ջանքեր չի գործադրում պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ․ վարչապետ