Այսօր՝ օգոստոսի 25-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել և Վրաստանում նշանակել Հայաստանի Հանրապետության նոր արտակարգ և լիազոր դեսպան:
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել դիվանագետ Աշոտ Սմբատյանը։ Նորանշանակ դեսպանը մինչ այս նշանակումը դիվանագիտական գործունեություն է ծավալել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` զբաղեցնելով Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։ Սմբատյանի պաշտոնավարման առաջին տարում Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Ստորև ներկայացնում ենք Սմբատյանի կենսագրությունը․
1985-1991 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, 1990-1991 թվականներին՝ Դրեզդենի տեխնիկական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, 1991-1993 թվականներին՝ Լայպցիգի համալսարանը (ասպիրանտուրա), 1993-1997 թվականներին՝ Բեռլինի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Ծառայել է խորհրդային բանակում։
1991-1993 թվականներին աշխատել է Գերմանական AVX/SIEMENS ընկերության գիտահետազոտական բաժնում, 1994-1996 թվականներին եղել է Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի գիտաշխատող, 1996-1997 թվականներին դասավանդել է Բեռլինի գիտության և կրթության սենատին առընթեր համալսարանի մաթեմատիկական քոլեջում։ 1997-2008 թվականներին եղել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության գրասենյակի վարիչ, 2005-2009 թվականներին՝ Գիտության և կրթության սենատին կից արտերկրի ավարտական վկայականների գնահատման և ատեստավորման փորձագիտական խորհրդի անդամ, 2009 թվականին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության խորհրդատու, փորձագետ։ 2010-2011 թվականներին զբաղվել է դասախոսական և խորհրդատվական գործունեությամբ։ 2011–2013 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության առաջին քարտուղար, 2014–2015 թվականներին՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական, փոխդեսպան։ 2015 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բեռլին)։
Սմբատյանը գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։