Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, փետրվարի 15-ից երկրում որոշ սահմանափակումներ կվերացվեն: Մասնավորապես.
- Փետրվարի 15-ից երկրի հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կշարունակվի դասասենյակներում: Երկուշաբթի օրվանից Թբիլիսիի, Քութայիսիի և Ռուսթավիի դպրոցները կվերականգնեն աշխատանքը գրեթե 1 տարվա դադարից հետո: Կրթության նախարարությունը մշակել է մի շարք հանձնարարականներ, որոնց պետք է հետևեն դպրոցները: 5-12-րդ դասարանների աշակերտների համար դիմակ կրելը պարտադիր է դառնում:
- Փետրվարի 15-ից Վրաստանի ամբողջ տարածքով աշխատանքը կվերսկսեն սրճարաններն ու ռեստորանները: Կառավարությունը նախնական որոշում է կայացրել սրճարաններին ու ռեստորաններին թույլ տալ միայն բաց տարածքներում սպասարկել հաճախորդներին, հետագայում՝ համաճարակային իրավիճակից ելնելով, կկայացվի սահմանափակումների ավելի մեղմացման որոշում: Սրճարաններն ու ռեստորանները բաց տարածքներում կաշխատեն միայն աշխատանքային օրերին: Շաբաթ և կիրակի օրերին սահմանափակումները մնում են ուժի մեջ:
Չնայած վերոնշյալ սահմանափակումների վերացմանը` Վրաստանում մի շարք արգելքներ դեռ կմնան ուժի մեջ: Մասնավորապես՝
- Շաբաթ և կիրակի օրերին երկրում չեն աշխատի հասարակական տրանսպորտը, առևտրի կենտրոններն ու խանութները, շուկաները, ռեստորաններն ու սրճարանները:
- Ուժի մեջ կմնա ժամը 21:00-05:00-ին տեղաշարժի արգելքը,
- Չեն աշխատի ժամանցի կենտրոնները, մարզասրահները, լողավազանները, կինոթատրոնները, բարերն ու գիշերային ակումբները,
- Ուժի մեջ կմնա միջքաղաքային տրանսպորտի սահմանափակումը,
- Լեռնադահուկային հանգստավայրերի և հյուրանոցների աշխատանքը,
- Մասնավոր և պետական մանկապարտեզների աշխատանքը,
- Ուսումնական պրոցեսը դեռ չի վերականգնվի ուսումնարաններում և ԲՈՒՀ-երում:
- Ուժի մեջ կմնա բազմամարդ սոցիալական միջոցառումներ անցկացնելու արգելքը (հարսանիք, հոգեհանգիստ և այլն):