Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցել Վլադիմիր Զելենսկիին:
«Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի հաջորդ նախագահն է: Բոլոր ժողովրդավարական ուժերին կոչ եմ անում առանց որևէ նախապայմանի պաշտպանել նրա թեկանծությունը: Հիմա Պորոշենկոյի ու նրա խմբի պարտությունը հրաշալի հնարավորություն է Ուկրաինայի համար: «Նոր ուժերի շարժումը» կպայքարի ձայների կեղծման դեմ ու նախագահ Զելենսկիի հաղթանակի համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք՝ Ուկրաինայում քվեաթերթիկների ավելի քան 40 տոկոսի հաշվարկի արդյունքում հայտնի դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին ստացել է ձայների 30.23 տոկոսը, երկրորդ տեղում գործող նախագահ Պետրո Պորոշենկոն է՝ 16.65 տոկոս:
Նախագահական ընտրությունների ևս մեկ ֆավորիտ, «Բատկիվշինա» կուսակցության նախագահ Յուլիա Տիմոշենկոն ձայների 13.14 տոկոսով երրորդ տեղում է:
Ըստ նախնական արդյունքների տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը։
Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հավանաբար կանցկացվի մոտ երկու շաբաթից։
Սաակաշվիլին հայտարարել է, որ Պորոշենկոյի լիազորությունների ավարտին կվերադառնա Ուկրաինա։