Վիզային սահմանափակումները բավարար չեն «Վրացական երազանք»-ի նկատմամբ. Միհկելսոն

Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը կարծում է, որ այժմ ամենակարևորն ու արդյունավետը կլինի «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբ անձնական պատժամիջոցների կիրառումը։

Նրա խոսքով` միայն վիզային սահմանափակումների կիրառումը բավարար չէ Իվանիշվիլիի թիմի հանդեպ, քանի որ նրանք պետք է պատժվեն խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների համար։

«Վրաց ժողովուրդն արժանի է նոր ընտրությունների՝ իր կամքն արտահայտելու համար. Բրյուսելում հարց է ծագում՝ ի՞նչ պետք է անենք Վրաստանի և վրաց ժողովրդի համար։ Այժմ ամենաարդյունավետն ու անհրաժեշտը «Վրացական երազանք»-ի ռեժիմի առաջնորդների նկատմամբ անձնական պատժամիջոցների կիրառումն է՝ սկսած Բիձինա Իվանիշվիլիից և վերջացրած բոլորով, ովքեր բռնություն են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ», — ասել է Միհկելսոնը։

Նա նաև նշել է, որ երկուշաբթի օրը (հունվարի 27) ԵՄ արտաքին գործերի (ԱԳ) նախարարները քննարկելու են վրացի դիվանագետների համար վիզային սահմանափակումների կիրառման հարցը։