Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո հանրապետության խորհրդարանից հետ է կանչվել վիճահարույց օրենքի նախագիծը, որը նախատեսում էր Ռուսաստանի կողմից օկուպացված շրջանի արևելյան հատվածում մինչև 10 հազար բնակարան կառուցել և օտարերկրացիներին վաճառել։
Վրաստանյան Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ բնակարանների օրինագիծը հենց նախաձեռնող «պատգամավորներն» են հետ կանչել։ Նախագիծը հետ կանչելու փաստաթուղթը ստորագրել է խորհրդարանի դե ֆակտո նախագահ Լաշա Աշուբան:
Ըստ դե ֆակտո խորհրդարանի՝ որոշումն ընդունվել է «լարվածությունը թուլացնելու և կայունությունը պահպանելու նպատակով» և «հասարակական կարծիքը» հաշվի առնելու համար։
Նշենք, որ պաշտոնական վերտառութամբ «Օչամչիրեի, Տկղվարչելիի և Գալիի շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի բարձրացման միջոցառումների մասին» օրինագիծը Աբխազիայում բողոքի ցույցերի պատճառ էր դարձել:
Դե ֆակրո իշխանության քաղաքական ընդդիմախոսները պնդում էին, որ օրենքի ընդունումը «ժողովրդագրական ական կլինի պետության հիմքում»։ Օրենքի ընդունմանը դեմ են արտահայտվել տեղական «հասարակական միավորումները»:
Այսպես կոչված՝ բնակարանների մասին օրենքի ընդունմանը դեմ հանդես եկող «Մեր Բիճվինթա» երիտասարդական շարժումը հայտարարել է, որ օրինագծի հետկանչը ժամանակավոր որոշում է, ուստի անմիջապես պահանջում են երաշխիքներ և մորատորիում հայտարարել։