Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն այսօր վիճաբանությամբ է սկսվել: Ընդդիմադիր պատգամավորները դժգոհություն են հայտնել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի՝ մեկ ժամ ուշանալու պատճառով։
«Խորհրդարանի լիագումար նիստի ներկա իրավիճակը բացարձակապես անընդունելի է: Մեկ ժամ առաջ արդեն 118 պատգամավոր կար, բայց մենք չգիտեինք, թե ինչի ենք սպասում: Դուք ունեք տեղակալներ, ովքեր կարող էին սկսել նիստը, մի ստեղծեք պատրանք, թե դուք աշխատում եք, իսկ մնացած բոլորս անգործ ենք: Նման վերաբերմունքն անթույլատրելի է», — խորհրդարանի նախագահի ուշացման առիթով այսպես է ասել «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Խաթունա Գոգորիշվիլին:
Սակայն ընդդիմադիր պատգամավորների քննադատական ելույթները ավելի մեծ թափով շարունակվեցին նաև նիստի մեկնարկի ուշացման մասին Իրակլի Կոբախիձեի բացատրությունից հետո։ Իր հերթին խորհրդարանի նախագահը «Միացյալ ազգային շարժման» անդամ Նիկա Մելիային կոչ արեց ցածրացնել խոսելու տոնը:
«Պարոն Նիկա, խնդրում եմ ցածրացրեք Ձեր տոնը, հակառակ դեպքում լավ պատասխան կտամ: Ուշացման պատճառը հանդիպումն էր, որը վերաբերում էր այս նիստում քննարկվելիք հարցին: Հետևաբար, պատճառն այն չէ, որ ես պարզապես ուշացել եմ նիստից», — ասել է Կոբախիձեն: