
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընթացող հանրահավաքում, որտեղ քաղաքացիները բողոքում են Թեա Ծուլուկիանիի քննչական հանձնաժողովի կողմից 2008 թվականի պատերազմի հերոսներին վիրավորելու դեմ, վիճաբանություն է տեղի ունեցել Ռուսաստանի քաղաքացու և հանրահավաքի մասնակիցների միջև, տեղեկացրել է NEWS.On.ge-ն:
Ըստ նույն լրատվամիջոցի, ցույցի երկու մասնակից՝ Թակո Կուրատիշվիլին և Լիլու Շավելաշվիլին, ձերբակալվել են խորհրդարանի մոտ. Կուրատիշվիլիի ձեռքին եղել է «Անծուխելիձեն անմահ է» գրությամբ պաստառ (2008 թվականի ռուս-վրացական պատերազմի Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձե):
Խորհրդարանի մոտ իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ իրավապահները ցուցարարներին հրահանգել են լքել խորհրդարանի հետնամասը և թույլ չեն տվել կանգնել մայթին։
Ականատեսների խոսքով, բերման ենթարկվածներին ոստիկանները նստեցրել են մեքենա և ենթադրաբար տեղափոխում են բաժին։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Հանձնաժողովի մասին
ՄԱՇ-ի իշխանավարման ժամանակահատվածն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին «Վրացական երազանք»-ը խոսեց 2025 թվականի հունվարի 9-ին։ Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.
- բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքեր,
- սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքեր,
- կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
- 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «մեկնարկի ճանաչում» և «ռազմական հանցագործությունների համար վրաց զինվորականներին մեղադրելը»,
- Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։
Հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 5-ին՝ եռամսյա ժամկետով, որին աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։
Հանձնաժողովում աշխատում է ութ մարդ.
- «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
- Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։
ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց:
Ընդդիմությունը համոզված է, որ «խորհրդարանական հետաքննությունը» նախաձեռնել է Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությունը՝ «Կրեմլի շահերին համապատասխան» և «պատերազմ սկսելու համար վրացական կողմին մեղադրելու համար»։