«Գիրչի-մետի թավիսուփլեբա»-ի և «Ժամանակն է» ընդդիմադիր կուսակցությունների և որոշ լրատվամիջոցների գրասենյակների պատերին և մերձակայքում փակցվել են «ազգի թշնամիներ», «գործակալներ» և այս կարգի այլ գրառումներով պաստառներ։
Մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների շենքերի վրա վիրավորական բովանդակությամբ գրություններ են արվել, իսկ պաստառների վրա կան նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչների լուսանկարներ։
Վերջին շաբաթների ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։
«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։