Վիրահայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում՝ Տավուշի մարզից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը, տեղեկանում ենք Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
«Վիրահայոց թեմը, առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ, աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը և հայտնում է իր զորակցությունը շարժման բոլոր մասնակիցներին ու շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին: Ի պատասխան՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում ենք համազգային շարժմանը»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք. ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հայտարարեցին, որ սահմանազատման աշխատանքները սկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ըստ հայտարարության՝ պետք է տեղի ունենա սահմանի ճշգրտում Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի հատվածներում։ Սա հարուցեց տեղի բնակիչների դժգոհությունը։ Նշված գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ի երեկոյան փակել էին Վրաստան եկող միջպետական ճանապարհը։ Մայիսի 3-ից ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է։
Ընդգծենք. Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ապրիլի 22-ին X սոցիալական ցանցում գրել էր, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությունը` սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ:
«Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևան երկրների միջև խաղաղության և վստահության կառուցման գործընթացին»,- ասված է հայտարարության մեջ։