Վրաստանի ազգությամբ բազմաթիվ հայեր, ովքեր ժամանակին զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, պահանջում են վերացնել քաղաքացիությունը վերականգնելու համար սահմանված վրաց լեզվի քննությունը:
Այլ երկրի քաղաքացիություն ստանալով՝ սեփական երկրի քաղաքացիությունից անակնկալ կերպով զրկված քաղաքացիները տարիներ ձգվող հարցի լուծումը տեսնում են «Քաղաքացիության մասին» օրենքում վերոհիշյալ կետի ամրագրմամբ:
Սերնդեսերունդ Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդայում ապրող 63-ամյա Գառնիկ Փութուլյանը, որ ցանկանում է վերականգնել 2008 թվականին կորցրած Վրաստանի քաղաքացիությունը, առաջարկում է վերացնել վրացերենի քննության պահանջը հատկապես իր հասակակիցների համար․ ասում է՝ այդ տարիքում դժվար է լեզու սովորել։ Հատկանշական է, որ ի տարբերություն երիտասարդության, հայաբնակ այս շրջանի 40-ից բարձր բնակիչները գրեթե չեն տիրապետում պետական լեզվին։
Սամցխե-Ջավախեթիի մարզի Նինոծմինդայի և Ախալքալաքի բնակչության ավելի քան 94,8 տոկոսը «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) տվյալներով, ազգությամբ հայ է։ «Փոքրամասնությունների հարցերի եվրոպական կենտրոնն» (ECMI) էլ փաստում է, որ վրաց լեզվին տիրապետում է այս մունիցիպալիտետների բնակչության միայն 12 տոկոսը։ Տարածաշրջանում եկամտի հիմնական աղբյուրներն անասնաբուծությունն ու կարտոֆիլագործությունն են։ Տարբեր վերլուծությունների համաձայն՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի աշխատունակ տղամարդկանց ավելի քան 50 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Ռուսաստան։
Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված մյուս շրջանի՝ Քվեմո Քարթլիի բնակչությունը 511,2 հազար է: Էթնիկ առումով բնակչության 44,7 տոկոսը վրացիներ են, 45,1 տոկոսը՝ ադրբեջանցի, 6,4 տոկոսը՝ հայ, 3,8 տոկոսը՝ աբխազ, օս, ռուս, հույն, ուկրաինացի և քրդեր:
Փութուլյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է, որ ֆինանսական սուղ պայմանները բարելավելու, երկու ուսանող զավակների ուսման վարձը վճարելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու համար 2004 թվականին ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (Հայաստանն ի տարբերություն Վրաստանի, առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի ՌԴ-ի հետ), իսկ 2008 թվականին կանգնելով փաստի առաջ, որ անօրինական կերպով ունի երկքաղաքացիություն, ստիպված է եղել հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից․ 2008-ին Վրաստանի օրենսդրությունը թույլ չէր տալիս երկքաղաքացիություն ունենալ:
Եվ այդպես Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ են ստիպված եղել հրաժարվել քաղաքացիությունից, քանի որ մինչև 2018 թվականը Վրաստանի օրենսդրությամբ երկքաղաքացիություն չէր թույլատրվում: Այլ երկրի անձնագրի առկայությունը պարզվելու դեպքում տվյալ անձը ինքնաբերաբար կորցնում էր Վրաստանի քաղաքացիությունը։
Այժմ Վրաստանի օրենսդրությունը թույլատրում է երկքաղաքացիություն՝ հնարավորություն տալով նաև նրանց, ովքեր տարիներ առաջ են կորցրել իրենց ծննդավայր երկրի քաղաքացիությունը, վերականգնել՝ վրացերեն լեզվի, պատմության, Սահմանադրության մասին բազային քննություն հանձնելով։
Ի դեպ, հարկ է նշել նաև, որ Վրաստանի նախկին քաղաքացին, որ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով, իրավունք ունի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը դիմելու Վրաստանի պետական ծառայությունների զարգացման գործակալություն՝ Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար:
Խնդիրն առկա է նաև Վրաստանի Քվեմո Քարթլի մարզում․ Մառնեուլիի շրջանի հայաբնակ Դամիա գյուղից Կարապետ և Ռիփսիմե Միսկարյանները 2016 թվականին ստիպված են եղել հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից՝ ՀՀ քաղաքացիությունը պահպանելու համար:
60-ի շեմին հասած ամուսիններն ասում են, որ վրաց լեզվի չիմացությունը հիմնական խնդիրն է, որից խուսափելով էլ չեն համարձակվում դիմել Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար․ նկատում են՝ վրացերենի քննության պարտադիր պահանջը հանելով՝ կլուծվի հարցը նաև Վրաստանում ծնված, վերջին շրջանում, սակայն, հայրենիքից հեռացած (հատկապես ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումից՝ 2017 թվականի մարտից հետո), վրացական անձնագրից զրկված տարբեր երկրներում վրացական մեծ Սփյուռք ձևավորած քաղաքացիների մեծ բանակի համար։
Միսկարյանները «Ալիք Մեդիայի» հետ զրուցում ասում են. «Այստեղ աշխատանք չկար, բարեկամների և հարազատների մեծ մասը Ռուսաստանում են և աշխատանքի էին հրավիրում: Մենք էլ որոշեցինք սեզոնային արտագնա աշխատանքի մեկնել: Հողագործությունից եկամուտ չունենք, աշխատանք չունենք, թոշակ դեռ չենք ստանում, անասնապահությամբ էլ հնարավոր չէ հոգալ բազմաթիվ ֆինանսական հարցերը, էլ ինչպե՞ս պահենք ընտանիքը․․․»:
Անդրադառնալով Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների առջև ծառացած խնդրին՝ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպության փաստաբան Անդրանիկ Մինասյանը իրատեսական է համարում հարցի լուծումը՝ «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններով հասնել հիշյալ քաղաքացիների համար վրացերենի քննության չեղարկմանը:
Նրա համոզմամբ, սակայն, դրա համար կարևոր են քաղհասարակության նախաձեռնությունները, օրինակ ստորագրահավաքներն ուղղված կառավարությանը, նախագահին։ Մյուս կողմից էլ անհրաժեշտ է հարցից առավելապես տուժած էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններից ընտրված խորհրդարանականների ակտիվացումը:
Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) համահիմնադիր Թամթա Միքելաձեն համակարծիք է իրավաբան Անդրանիկ Մինասյանի հետ: Ընդգծում է՝ էթնիկ փոքրամասնությունները, որոնք արդեն զրկվել են կամ վտանգ կա, որ կզրկվեն Վրաստանի քաղաքացիությունից, իրապես Վրաստանի քաղաքացիներ են, և պետությունը պետք է հասկանա՝ այս քաղաքացիներն այլ երկրի անձնագիր են ձեռք բերել հիմնականում սոցիալական խնդիրների լուծման, հարազատներին կամ բարեկամներին այցելելու համար:
Ըստ նրա՝ հնարավոր է քաղաքական որոշում կայացնել քաղաքացիների այս խմբի համար՝ բացառության կարգով նրանց տալով հնարավորություն պահպանելու Վրաստանի քաղաքացիությունը: Միքելաձեի հետ հարցազրույցը՝ ստորև.
Վրաստանի քաղաքացիությունը կորցրածների հարցն ամեն անգամ ընտրություններից առաջ հայաշատ շրջաններ այցելող պաշտոնյաների և քաղաքական գործիչների նախընտրական ծրագրերում է։
2018 թվականի հոկտեմբերին՝ նախագահական ընտրություններից առաջ, Սամցխե-Ջավախեթի որպես նախագահի իշխանական թեկնածու այցելած Սալոմե Զուրաբիշվիլին խոստացավ ընտրություններում հաղթելու դեպքում օգտագործել նախագահին մնացած կարևորագույն լիազորությունը՝ երկքաղաքացիություն շնորհելով խնդրից տուժած շրջանի բնակիչներին:
Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանի նախընտրական խոստումներից էր հարցը հասցնել օրենսդիր մարմին։ Իր հարցազրույցներից մեկում ասել էր․ «Հիմնական առաջարկն այն է, որ քաղաքացուն, ով ծնվել է Վրաստանում, առանց քննության, հեշտացված կարգով շնորհվի Վրաստանի քաղաքացիություն։ Բազմաթիվ ջավախահայեր չեն կարողանում վերականգնել իրենց քաղաքացիությունը հենց վրացերենի չիմացության պատճառով»։
Կյուրեղյանը նշեց՝ խմբակցությունների մակարդակով քննարկումներ միշտ էլ եղել են օրենքում փոփոխությունների կատարելու հարցով, քանի որ այն բխում է էթնիկ փոքրամասնությունների շահերից, սակայն երկքաղաքացիության արգելքի հարցը այդպես էլ խորհրդարանի օրակարգում չի հայտնվել, ինչպես ավելի վաղ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասել էր Կյուրեղյանը, ընդդիմության կողմից իշխանությունների առաջ բերած օրինագծերը շարունակ տապալելու պատճառով:
Կյուրեղյանն այսօր արդեն ասում է, որ այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը, սակայն վրացերենին չեն տիրապետում, պետք է սովորեն պետական լեզուն:
«Պետք է աշխատեն իրենց վրա: Ցանկալի է, որ սովորեն․ ընդամենը 200-300 հարց է: Միջազգային պրակտիկայում ևս այդպես է՝ եթե ցանկանում են դառնալ տվյալ երկրի քաղաքացի՝ պետք է սովորեն պետական լեզուն», — ասում է Վրաստանի խորհրդարանի պատգամավորը, ով ևս վրացերենին լավ չի տիրապետում:
Իսկ մինչդեռ հարցը լուծում չի ստանում, բազմաթիվ քաղաքացիներ իրենց հայրենիքում, սեփական տանը հյուրի կարգավիճակով են լինում՝ զրկվելով Վրաստանի քաղաքացու բազմաթիվ իրավունքներից։
Այս հոդվածը պատրաստվել է «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» (IWPR) ծրագրի շրջանակներում՝ Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ: Հոդվածում արտահայտված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները ներկայացնում են հեղինակի տեսակետները և չեն կարող արտացոլել IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները»: