Վիրահայ գործիչները Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի մասին

Վիրահայ գործիչները Թբիլիսիում ապրիլի 24-ին տեղի ունեցած միջադեպի մեջ մեղադրում են քաղաքային իշխանություններին՝ նշելով, որ հենց նրանք են թույլ տվել Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն անցկացնել տոնական միջոցառում։

«Այսօր տեղի ունեցածի մեջ մեծ մեղավորություն ունի Թբիլիսիի քաղաքապետարանը, կոնկրետ քաղաքապետ Կախա Կալաձեն, ով թույլ է տվել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ցույցին զուգահեռ ինչ-որ թուրքական տոնակատարության անցկացում, որը, ի դեպ, նրանք նշում են ապրիլի 23-ին, իսկ այսօր 24-ն է»,- «Ալիք մեդիային» ասում է վիրահայ համայնքի ներկայացուցիչ Իննա Սուքիասյանը՝ հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով այս ցույցն աշխարհի տարբեր երկրներում անց է կացվում արդեն 104 տարի, սակայն, ոչ մի ժողովրդավարական երկիր նման բան թույլ չի տվել, ինչը թույլ տվեց այսօր Վրաստանի կառավարությունը։

«Արդեն տասնյակ տարի է, մենք մեր զոհերի հիշատակին տուրք ենք մատուցում, նման ցույց ենք անում տարիներ շարունակ, սակայն այս տարի թուրքերին նման միջոցառում անցկացնելու համար թույլատվություն տալը մի քիչ անհարմար էր: Արվածի մեջ իրավական խախտում չկա, միգուցե սրանով ցույց տվեցին, որ այս տարի այսպես արվեց, սակայն մյուս տարի կարող են շատ ավելի վատ հետևանքներ լինեն: Հատկանշական է մեկ բան, եթե իրենք նշում ենք երեխաների օրը, ապա 104 տարի առաջ մեր նախնիներն էլ երեխաներ էին, երբ սպանում էին նրանց»,- ասում է հասարակական գործիչ Միքայել Ավագյանը։

Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանն «Ալիք մեդիային» ասում է, որ տեղի ունեցածն առաջին հերթին քաղաքապետարանի և պետության բացթողումն էր:

«Իրենք գիտեին, որ ամեն տարի այս օրը մենք պարտադիր հավաքվում ենք այստեղ: Եվ փաստորեն դուրս եկավ, որ մեր պետությունը, հարևան պետության շահերն ավելի բարձր դասեց, քան իր քաղաքացիների շահերը: Նրանք նշում են երեխաների օրը, որն իրականում ապրիլի 23-ին է և պետությունը կարող էր թույլ չտալ, որովհետև, եթե բախում լիներ, ո՞վ էր պատասխան տալու: Անվտանգության ծառայությունը չէր կարող խափանել այս ամենը»,- ասում է Չիդիլյանը:

Հայ համայնքի ներկայացուցիչը նշում է, որ այս հարցն անպայման պետք է բարձրացնել․

«Մեր պետությունը պետք է հարգի իր քաղաքացիների արդար իրավունքները և հետո հաշվի առնի ուրիշ պետության շահերը»։

Հիշեցնենք, որ Վրաստանում հայկական համայնքի ավանդական «Պահանջում և հատուցում» խորագրով բողոքի ցույցն այսօր խոչընդոտվել էր, քանի որ բողոքի ցույցի անցկացման վայրում՝ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան շենքի հարակից տարածքում, դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշում էր երեխաների օրը: