Հուլիսի 6-10-ը Հայաստանում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) նախաձեռնած «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը։
Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը մասնակցեցին մոտ երկու հարյուր երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ Վրաստանի հայոց թեմից ուխտագնացությանը մասնակցել է 4 երիտասարդ։
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ այս ուխտագնացությունը նախորդներից տարբերվում է ուսուցողական դասընթացների բաղադրիչով։
Ուխտագնացության առաջին երկու օրերին անցկացվել է ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթաց։
«Սա միայն հոգևոր շրջագայություն, որևէ սրբավայր այցելություն չէր, ՀԵՀԵՄ-ի համար ուխտագնացությունն առաջին հերթին աշխատանքի առիթ է,- ասում է հոգևորականը՝ նշելով, որ թեև առաջնահերթ են հոգևոր հարցերը, համայնքներին աջակցությունը, սակայն կարևոր է նաև երիտասարդների կարողությունների զարգացումը,- Տարբեր ծրագրերի, դասընթացների միջոցով փորձում ենք երիտասարդներին մատուցել ժամանակակից գործիքներ, մեխանիզմներ՝ իրենց գործունեությունը թեմերում և համայնքներում լավագույնս իրականացնելու համար։ Կարևորում ենք երիտասարդական արհեստավարժ աշխատանքը, ոչ թե ուղղակի ինքնանպատակ զվարճանքներ ու ժամանցներ, այլ ամիսներ առաջ արվել է թեմերի աշխատանքի մոնիթորինգ, որի արդյունքում ուսումնասիրվել, նախագծվել ու ոլորտի լավագույն մասնագետների հետ կազմվել է ծրագիր, որն էլ այս օրերին իրականացվեց»։
Դասընթացը միաժամանակ անցկացվել է հինգ խմբերում՝ ներառելով թիմային, ճանաչողական խաղեր և վարժանքներ, երիտասարդները միասին կառուցել են ակնկալիքների ծառը։ Դասընթացավարների հետ նախապես համաձայնեցված օրակարգով յուրաքանչյուր խմբում բանախոսել են ուխտագնացությանը մասնակից հոգևորականները՝ «Քրիստոնեական երիտասարդական աշխատանք», «Միասնականություն», «Ամենայն ձայն թող լսելի լինի» և այլ թեմաներով։ Այնուհետև երիտասարդները խմբային առաջադրանքների միջոցով վեր են հանել իրենց թեմերում և երիտասարդաց միություններում առկա խնդիրները և լուծումներ առաջարկել։
Վրաստանի հայկական համայնքից ուխտագնացությանը մասնակցած երիտասարդները նշում են, որ ձևաչափը բացառիկ էր և օգտակար։
«Կար թրեյնինգ, նոր մտքեր գեներացնելու հնարավորություն, փորձի փոխանակում տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, որոնք կարծում եմ շատ կօգնեն թեմի գործունեությունը էլ ավելի լավացնելուն»,- ասում է վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի «Մովսես Խորենացու» անվան նախակրթարանի ուսուցիչ, 23-ամյա Աիդա Բազոյանը։
28 ամյա Արմենուհի Պոդոսյանն էլ Ջավախքից է, վրացերենի ուսուցիչ, նշում է, որ այս դասընթացներից ստացել է պրակտիկ գիտելիքներ, որոնք վստահաբար կիրառելի են լինելու առօրյայում։
«Բավական հետաքրքիր ծրագիր էր, ունեցանք դասընթացներ, այցելություններ տարբեր սրբավայրեր, դասընթացները մեզ կօգնեն, որ էլ ավելի զարգացնենք մեր թեմը, կարծում եմ՝ այստեղ ստացած գիտելիքները կնպաստեն մեր երիտասարդական ծրագրերում որոշ փոփոխություններ մտցնելուն, որոնք էլ ավելի կզորեղացնեն մեր թեմը»։
Հուլիսի 8-ին ուխտավոր երիտասարդներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։
Այնուհետև Եռաբլուրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել ու աղոթք բարձրացրել հայրենիքի համար նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։
Հուլիսի 9-ին եղել են Սևանավանքում, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, նավարկել Սևանա լճում։
Ուխտագնացության վերջին օրը՝ հուլիսի 10-ին ուխտավոր երիտասարդները Բջնիի Սուրբ Աստվածածին Եկեղեցում մասնակցել են Սուրբ և Անմահ Պատարագի՝ մատուցված ձեռամբ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի։
Այնուհետև բոլոր երիտասարդներին վկայականներ են հանձնվել ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը մասնակցության համար, շնորհակալագրեր են տրվել ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդին, ուխտագնացությանը իրենց մասնակցությունը բերած մյուս թեմակալ առաջնորդներին և հոգևորականներին, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի երկօրյա դասընթացի բոլոր դասընթացավարներին։
Ուխտագնացությունն ավարտվել է հրաժեշտի խնջույքով և համերգով՝ մասնակցությամբ Հայաստանի հայտնի երգիչների և պարային խմբերի։
«Շատ տպավորված եմ միջոցառումներից, շատ բան սովորեցի, բոլորը շատ ջերմ էին, շատ կարևոր են այս շփումները, փորձի փոխանակումը։ Համագործակցության լայն ասպարեզներ բացեց այս միջոցառումը, տարբեր թեմերի հետ կապ ստողծվեց, որը հետագա աշխատանքներին միայն կնպաստի։ Միակ թերությունն այն էր, որ ընդամենը վեց օր էր»,- ասում է ջավախքցի Բորիս Մզիկյանը, ով վիրահայոց թեմի ակտիվիստներից է։
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանն ասում է, որ ՀԵՀԵՄ-ը համահայկական ամենամեծ կառույցն է․ որտեղ կա հայկական եկեղեցի ու հայ երիտասարդ, ինքնստինքյան ՀԵՀԵՄ անդամ է, իսկ ՀԵՀԵՄ-ի կենտրոնական գրասենյակի խնդիրն է այդ երիտասարդներին միավորելը՝ հայ ազգի ընդհանուր շահերի շուրջ։
ՀԵՀԵՄ-ն ունի ութ տարածաշրջան․ Հայաստանի տարածաշրջան, որի մեջ մտնում են Վրաստանը, Ջավախքը, Հայաստանն ու Արցախը, Ռուսաստանի տարածաշրջան, որը ներառում է Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Ամերիկայի, Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանները։
«Մեր կարևորագույն նպատակներից մեկն է սփյուռքի հետ աշխատանքները, մեծ նշանակություն ենք տալիս սփյուռքյան թեմերին մեր օգտակարությունը բերելու համար, փորձում ենք հասկանալ, թե ինչ խնդիրներ, ինչ ակնկալիքներ կան, և դրա վառ ապացույցը այս տարվա մեր ֆորումներն էին։ Հունվարից մինչև մայիսի վերջ կազմակերպվեցին տարբեր ֆորումներ, որոնք ևս պետք է շարունակական լինեն ու իրենց նպաստը բերեն։ Այս տարի նախատեսում ենք 2-4 ծրագիր յուրաքանչյուր թեմում ու արդեն այդ ծրագրերն անցել են նախագծման փուլն ու գտնվում են իրականացվման փուլում»,- ամփոփում է հոգևորականը։
Լուսանկարների մի մասը վերցված են ՀԵՀԵՄ կայքէջից։