Վիրահայ անտառապահ աղջկա հաջողության պատմությունը

Վրաստանի Թեթրիսծկղարո քաղաքից Լուսո Դոստիբեգյանը իր համայնքի բարելավմանը նպաստող բազում նախաձեռնությունների հեղինակ է։ Նա իր քաղաքում հիմնել է առաջին համայնքային երիտասարդական կենտրոնը, իրականացնում է նախագծեր՝ օգնելու դրսևորվել և զարգանալ ինչպես երիտասարդներին, այնպես էլ մեծահասակներին, ջանքերը նպատակաուղղված են նաև Վրաստանում ապրող իր ազգակիցների բարեկեցիկ ապագայի ստեղծմանը։

Դոստիբեգյանը 27 տարեկան է, արդեն հասցրել է անցնել երկար ճանապարհ՝ հավաքելով մեծ փորձ ու գիտելիք, աշխատում է նաև Ալգեթիի ազգային պարկում որպես ռեյնջեր (անտառապահ), Վրաստանի 4 կին անտառի ռեյնջերներից մեկն է։

Դեռ փոքրուց հետաքրքրված է եղել քաղաքացիական ակտիվիզմով, 2016 թվականին իր քաղաքում բացել է առաջին համայնքային կենտրոնը, որը շրջանի երիտասարդներին հնարավորություն է տալիս փոխանակել մտքեր, իրականացնել նախագծեր և փորձել լուծել իրենց շուրջ ծառացած խնդիրները։

«Համայնքային կենտրոնի այսօրվա մեր թիմը, որ բաղկացած է հայերից և վրացիներից, աշխատում է մի գաղափարի շուրջ՝ ստեղծել լավ ապագա տեղում՝ մեր իսկ մարզում։

Այն ժամանակ չունեինք նույն հնարավորություններն ինչ այսօր, հավաքատեղի ստեղծելու համար դիմեցինք տեղական ինքնակառավարման մարմիններին և ստացանք փոքրիկ տարածք, որտեղ էլ ծնվեց Թեթրիսծկղարոյի համայնքային կենտրոնը», — «Ալիք մեդիային» տված հարցազրույցում ասում է Լուսո Դոստիբեգյանը։

Կարծում է, որ միայն քաղաքում նման վայրեր ունենալը բավարար չէ․

«Բնականաբար այսքանով չբավարարվեցինք և այժմ զբաղվում ենք նաև գյուղերում իրազեկության բարձրացման, ժամանցային և զարգացման կենտրոններ հիմնելու ուղղությամբ։ Արդեն սկսել ենք Սամշվիլդեում (հայաբնակ գյուղ Թեթրիսկղարոյում) նմանատիպ համայնքային կենտրոն բացելու աշխատանքները։ Նախագիծն իրականացնելու համար գտել ենք ֆինանսական փոք աղբյուր, համագործակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ, այս գործում նաև իրենց մեծ ավանդն ունեն գյուղի երիտասարդները»։

Դոստիբեգյանը հայաբնակ այս գյուղի հետ կապված շատ նպատակներ ունի, մի քանիսը արդեն իրականություն են։

«Սամշվիլդեյի երեխաների համար այլ կազմակերպությունների հետ համագործակցելով անցկացվում են դասընթացներ տարբեր թեմաների շուրջ, փոխանակման ծրագրեր, որոնց ժամանակ երիտասարդներն այցելում են այլ մարզեր, ծանոթանում նրանց խնդիրներին, քանի որ համայնքը ամեն դեպքում շատ «փակ» է»։

Կարևորելով գյուղերի բնակիչների հետ այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքը, ասում է նաև․

«Շատ գյուղերում սոցիալական խնդիրներն ավելի շատ են, ամեն մի բնակիչ ունի իր անհատական խնդիրը, ժամանակ էլ չի մնում մտածել բնապահպանության, քաղաքացիական իրազեկվածության և այլ հարցերի շուրջ։ Դրա համար էլ անհրաժեշտ է մեծ ուշադրություն տրամադրել գյուղերում նման վայրեր ստեղծելուն, որը մի պահ կկտրի բնակիչներին առօրյա հոգսերից, որոնք անպակաս են բոլորիցս»։

Իրականացրած և հաջողած նախագծերից մեկը, իր շրջանի կանանց (հիմնականում ազգությամբ հայ) անվճար բժշկական հետազոտության հնարավորություն տրամադրելն էր․

«Իրականացրել ենք նախագիծ, որի շրջանակներում Թբիլիսիի կլինիկաներից մեկում էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ կանայք (մեծ մասը հայ կանայք էին) անվճար բժշկական-գինեկոլոգիական հետազոտություն են անցել։ Սա կարևոր նախագիծ էր, քանի որ ոչ բոլորն ունեն հնարավորություն, ժամանակ առ ժամանակ, բժշկի այցելել»։

Դոստիբեգյանը ընդգծում է, որ դեռ մի շարք ծրագրեր ունի և անհատական, և թիմային, որոնք պիտի համախմբեն քաղաքացիներին, շահագրգռելով նրանց լինել ակտիվ․

«Քանի որ շփում ունեմ բոլոր տարիքային խմբերի հետ, կարող եմ հաստատ նշել, որ կան շատ անհատներ, որոնք ուզում են քայլեր ձեռնարկել, սակայն, մեկը չունի համապատասխան գիտելիք, մյուսն ունակություն՝ խմբային աշխատելու, ինքնակազմակերպվելու և այլն։ Երբ շուրջս հարցնում եմ՝ ինչն է անհանգստացնում, նշում են շատ խնդիրներ, սակայն երբ հարցնում ես՝ ինչու չես օգտվում այս օգնությունից, ինչու չես գտնում համակարծիք անձանց խնդիրը համատեղ լուծելու, թվում է թե չեն ուզում լքել հարմարավետության գոտին։ Նման դեպքերում իմ ռազմավարությունը հետևյալն է՝ ասում եմ, որ ուզում եմ աշխատել այս ուղղությամբ, չե՞ս օգնի ինձ»։

Լուսո Դոստիբեգյանը «Ալիք Մեդիային» տված հարցազրույցում կիսվում է խորհուրդներով, թե ինչպես զարգացնել համայնքն ու ինչպես լինել ակտիվ։

  •       «Առաջին հերթին, եթե անհատին դուր չի գալիս շրջակա միջավայրը, որտեղ ապրում է, կարող է ուղիներ փնտրել այն փոխելու։ Դրա համար առաջինը պետք է իրազեկվել, ինչ հնարավորություններ կան շրջապատում, արդյոք կան մարդիկ, կազմակերպություններ, նախաձեռնող խմբեր, որոնց կարելի է դիմել կամ ստանալ խորհրդատվություն։
  •       Երկրորդը դա շուրջը համակարծիք անձանց հավաքելն է, քանի որ նման դեպքում խմբակային աշխատանքը ամենաարդյունավետն է։ Չպետք է մտածել, թե սա միայն քո խնդիրն է, միայն դու ես ի վիճակի լուծել այն։
  •       Հնարավոր է տարօրինակ հնչի, բայց երբեք չամաչել հարցեր տալ փորձառու մարդկանց, ուղղություն ցույց տալ խնդրել և այլն»։

«Բացի այն, որ մշտապես առաջնային են համարել մարդկանց խնդիրներին լուծում տալը, կարևորել եմ նաև բնապահպանությունը, մենք պարտավոր ենք հոգ տանել մեր բնության մասին՝ մեր բնակավայրը կենդանի պահելու համար։ Կարող եմ ասել, որ այս ամենի հետ զուգահեռ անտառապահ եմ», — հավելում է Դոստիբեգյանը։

Թեթրիսծկղարոն գտնվում է Վրաստանի արևելքում՝ Քվեմո-Քարթլիի մարզում։ Բնակչությունը՝ 21 127 մարդ, որից 82,47% կազմում են վրացիներ, 7,33%-ը ադրբեջանցիներ, հայերը՝ 7.31%, ռուսները՝ 1,31% և հույները՝ 0,88%։