Վիկտոր Օրբանին սուլոցներով ու բղավոցներով են ուղեկցել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որ քիչ առաջ ժամանել էր Ռուսթավելի պողոտայի «Մարիոթ» հյուրանոց, քաղաքացիները սուլոցներով ու բղավոցներով են ուղեկցել։

Այդ նույն պահերին Ռուսթավելիի պողոտայում ընդդիմադիր քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքն էր ընթանում։

Օրբանը ԵՄ երկրների ղեկավարներից միակն է, որ ճանաչել է ընտրությունների պաշտոնական արդյունքները և շնորհավորել «Վրացական երազանք»-ին հաղթանակի կապակցությամբ։ Բրյուսելից ասել են, որ Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հոկտեմբերի 28-29-ը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Օրբանը շնորհավորել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մինչ պաշտոնական տվյալների հրապարակումը:

Այսպիսով, վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Վրաստանի համար» կուսակցությունը, «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը, «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, հրաժարվում են խորհրդարանական մանդատներից:

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 50 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ:

  1. «Վրացական երազանք»՝ 53 931 տոկոս,
  2. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս,
  3. «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս,
  4. «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս,
  5. «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:

Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել հանրությանը հոկտեմբերի 28-ին հավաքվել խորհրդարանի մոտ՝ աշխարհին ցույց տալու համար, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։