Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բնակվող վրացիները ևս միացել են Թբիլիսիում և տարբեր քաղաքներում անցկացվող «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքին։ Այս մասին հայտնում է «Ամոթ է» քաղաքացիական շարժումը։
Ցույցի ժամանակ քաղաքացիները ծածանել են Վրաստանի, Ավստրիայի, ինչպես նաև Ուկրաինայի դրոշները։
Նմանատիպ հանրահավաքներ այսօր անցկացվել են և կանցկացվեն եվրոպական քաղաքներում՝ Լոնդոնում, Պրահայում, Հանովերում, Փարիզում, Բուդապեշտում, Բեռլինում, Համբուրգում, Շտուտգարտում, Ռեյկյավիկում, Աթենքում և Բրյուսելում։
Նշենք՝ այսօր Թբիլիսիում և Վրաստանի այլ մարզերում տեղի կունենա «Տուն՝ դեպի Եվրոպա» ցույցը, այն կմեկնարկի ժամը 20:00-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց։
Հանրահավաքին միացել են քաղաքական կուսակցություններ, քաղհասարակական կազմակերպություններ, ուսանողներ, դասախոսներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։