Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբում պարբերաբար կրկնվող «Վրաստանում երկրորդ ճակատ բացելու» վերաբերյալ ապատեղեկատվական նարատիվները նոր երանգ են ստացել՝ ստանալով դավադրության տեսությունների տեսք. իշխանությունը պնդում է, որ գոյություն ունի «Գլոբալ պատերազմի կուսակցություն», որը ստիպում է տարբեր պետությունների տարբեր քայլեր անել: Իշխանական վերնախավում ոմանք նույնիսկ մասոնների հետ են համեմատում այս «կուսակցությունը»:
«Գլոբալ պատերազմի կուսակցությունում» կան «շատ վտանգավոր մարդիկ», այնքան, որ նույնիսկ նրանց անունը բարձրաձայնելը ռիսկային է», — մայիսի 22-ին հարցազրույցի ժամանակ նշել էր վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Իշխող թիմի այլ անդամներ ևս մեկնաբանություններ են արել ենթադրյալ «Գլոբալ պատերազմի կուսակցության» մասին՝ նշելով, որ «ազատ մասոններն ազդեցություն ունեն Միացյալ Նահանգների և Եվրամիության վրա»։ Իշխող կուսակցության կարծիքով՝ հիշյալ ուժը տարիներ շարունակ հակադրվում է Բիձինա Իվանիշվիլիին, որը «վերջ դրեց Վրաստանում նրանց գործակալական կառավարմանը» («Վրացական երազանքը» հակադրվելով արևմտյան գործընկերներին ու Վրաստանի բնակչության մեծ մասին, ընդունեց ռուսական օրենքը խմբ.)։
«Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) ավագ վերլուծաբան Իվա Գուրեշիձեն «Ալիք Մեդիայի հետ զրույցում պարզաբանում է, թե ինչ է կոնսպիրացիան (դավադրություն), և արդյոք կարելի է «Գլոբալ պատերազմի կուսակցության» մասին հայատարարությունները դիտարկել որպես դավադրություն։
«Դավադրության տեսությունները կեղծ լուրերից տարբերվում են նրանով, որ դրանք հիմնված չեն փաստերի վրա, այլ հորինված են մեկ անձի կամ մարդկանց խմբի կողմից: Դավադրության տեսաբանները պնդում են, որ իրենք բացառիկ տեղեկություններ ունեն աղբյուրներից, որոնք չեն կարող բացահայտել։ Սրանով փորձում են ուրիշներից ավելի խելացի ներկայանալ, կարծես թե կարող են վերլուծել իրադարձությունները փաստերից այն կողմ, որոնք «հասարակ քաղաքացիները չունեն»։
Պարզաբանելով «Գլոբալ պատերազմի կուսակցության» մասին հայտարարությունները վերլուծաբանն ընդգծում է․
«Գլոբալ պատերազմի կուսակցությունը ինչ-որ անհայտ խմբավորում է, որի մասին տեղեկություն ունի միայն իշխող կուսակցությունը, որը ըստ կառավարության՝ չի կարող կիսել հանրության հետ «շատ վտանգավոր հարց լինելու պատճառով»։
Իշխող կուսակցության համոզմամբ՝ «Գլոբալ պատերազմի կուսակցությունը» ցանկանում է Վրաստանում հեղափոխություն իրականացնել և երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում․ վերլուծաբանի կարծիքով «նպատակն է՝ Վրաստանի քաղաքացիների մոտ պատերազմի նկատմամբ տրամաբանական և ռացիոնալ վախ սերմանելը»։
Վերլուծաբանը նշում է, որ «Գլոբալ պատերազմի կուսակցության» վերաբերյալ կոնսպիրացիայի դեպքում կարևոր գործոն է այն, որ դա տարածում է իշխանությունը, որն ունի քաղաքական, քարոզչական և վարչական մեծ ռեսուրսներ, հետևաբար դրան կարող են ավելի շատ մարդիկ հավատալ:
«Անկախ նրանից, թե մի կողմից որքան անհիմն է այս դավադրության տեսությունը, մյուս կողմից շատ ավելի համոզիչ է քաղաքացիների համար, երբ դա լսում են կառավարությունից, պաշտոնյաներից, իշխանություն ունեցող մարդկանցից: Ուստի շատ տխուր է, երբ քաղաքացիների զգացմունքները շահարկելու դավադրության տեսության աղբյուրը հենց իշխանությունն է, որը, որպես կանոն, պետք է հոգ տանի իր քաղաքացիների բարեկեցության մասին և չվախեցնի նրանց մտացածին լուրերով», — նշում է Գուրեշիձեն։
Վրացի փորձագետ Լաշա Տուղուշին «Ալիք Մեդիային» տված հարցազրույցում նշում է, որ նման կուսակցություն փաստացի գոյություն չունի, հետևաբար նարատիվը չի կարող աշխատել հասարակության այն մասի դեմ, ովքեր հասկանում են, որ սա հերթական դավադրությունն է․
«Ոչ մի հավաստի աղբյուրում հնարավոր չէ գտնել տեղեկություն նման կուսակցության մասին, հետևաբար ես կարծում եմ որ դա զուտ հեքիաթ է։ Թե ինչ նպատակի կարող է ծառայել այս կոնսպիրացիան, պարզ է, որ հասարակության այն մասի համար, որը հավատում է նման երևույթներին, սա կարող է ազդեցություն ունենալ։ Մասնավորապես, այն քաղաքացիները, ովքեր կարծում են, որ կա նման կուսակցություն, որը նպատակ ունի Վրաստանին պատերազմի մեջ ներքաշել, կարող են վախենալ նման կուսակցությունից, հետևաբար նպատակը կարող է լինել հասարակությանը այսպիսի ճանապահով սարսափի մատնելն ու նրանց վրա ազդեցություն գործելը», — նշում է Տուղուշին և շարունակում․
«Իսկ ով չի հավատում, շատ բարկացած է և անհանգստացած նման հայտարարությունների պատճառով, որ պարբերաբար լսում ենք կառավարության ներկայացուցիչներից, ուստի հասարակության մեջ լարվածությունը շատ անհանգստացնող է»։
Փորձագետը նշում է, որ սա ոչ միայն ազդեցություն ունի հասարակության մի ստվար զանգվածի, այլև Վրաստանի գործընկերների հետ հարաբերությունների վրա․ «Այսուհանդերձ Արևմուտքը ևս վրդովված է նման մանիպուլացիաների պատճառով, ինչը միանշանակ կանդրադառնա Վրաստանի և գործընկերների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների վրա»։
Ի վերջո, ինչու հենց «Գլոբալ պատերազմի կուսակցություն», որտեղից է գալիս տերմինը, մանրամասնեց քաղաքագետ, «Կովկասյան տուն» ՀԿ-ի նախագահ Լևան Լորթքիփանիձեն։
«Գլոբալ պատերազմի կուսակցություն» տերմինը չի հանդիպում գիտահետազոտական գրականության մեջ։ Տերմինը սահմանել է Վրաստանի իշխող կուսակցությունը։ Միայն այն գիտենք, որ եթե նրանք պատմեն մեզ այս կուսակցության մասին, հնարավոր է միջազգային մեծ սկանդալ սկսվի։ Այս ամենը միայն մատնանշում է դասական դավադրության տեսության մասին»։