Այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է:
Ցավալի լուրին արձագանքեցին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին, ընդդիմադիր և քաղաքական շրջանակներ:
Վելուծաբան Զուրաբ Բատիաշվիլիի խոսքով, Կալաձեն պետք է ստանձնի պատասխանատվությունն ու հրաժարական տա:
«Այս երեխայի մահվան պատասխանատվությունը կրում են իշխանությունները և անձամբ Կալաձեն»,- գրել է Բատիաշվիլին:
«Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժման առաջնորդ Նոդար Ռուխաձեն գրել է, որ Կալաձեն հրաժարական չի տա:
«Ավտորիտար ռեժիմների ներկայացուցիչները թքած ունեն մարդկային ողբերգությունների վրա, ոչ էլ քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց հանցագործությունների համար։ Եթե այդպես լիներ, ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչներ չէին լինի»,- գրել է Ռուխաձեն:
Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, ցուցադրաբար կպատժեն ընդունման ակտը ստորագրած էլեկտրիկին կամ Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակցին։
Վերլուծաբան Զաալ Անջափարիձեի խոսքով, ամենասարսափելի ողբերգությունն է տեղի ունեցել, սակայն «ոմանք» արդեն փորձում են քաղաքական գնահատականներ տալ այդ ողբերգությանը:
RealPolitika կայքի հիմնադիր, քաղաքագետ Զազա Աբաշիձեի կարծիքով, կոռուպցիայի և ձախողված պետության առաջին ահազանգը պարզ իրավիճակում կյանքին սպառնացող վտանգն է:
Վրաց նախկին դիվանագետ, քաղաքագետ Գիա Ջափարիձեն գրել է.
«Անցյալ դարի մութ 90-ականներին, նույնիսկ ամենավատ մղձավանջներում ինչը պատուհասում էր Վրաստանին, աներևակայելի էր թվում 2022 թվականին։ Վրաստանը միայն ձևականորեն է պետություն»:
Ըստ նրա, հասարակությունը նույնիսկ ձևականորեն հասարակություն չէ։
«Այսպիսի ողբերգություններ էլի կլինեն, քանի դեռ մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրում ենք։ Վաղը երևի թե քայլելու ենք Վակեի Սովետական այգում։ Լռելու ժամանակը չէ, բղավելու ժամանակն է»,- գրել է Ջափարիձեն: