Վերջերս տարածվող ապատեղեկատվությունների վերլուծություններն՝ ամփոփ

Վերջերս Վրաստանի հասարակության շրջանում ակտիվ տարածում գտած ապատեղեկատվությունների և հակաարևմտյան նարատիվների վերլուծությունների հետքերով «Ալիք Մեդիա»-ն առանձնացրել է մի քանիսը։

 

«ԱՄՆ-ը ֆինանսավորում է Վրաստանին` պատերազմի մեջ ներքաշելու համար։ ԱՄՆ-ն անում է դա նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով»․

Հիշյալ ապատեղեկատվությունը բազմիցս հերքել են թե՛ վրացի պաշտոնյաները, այդ թվում` նաև նախագահը, թե՛ ԱՄՆ-ի ներկայացուցիչները։

Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու վերաբերյալ ապատեղեկատվությունը սկիզբ է առել 2022 թվականի փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը լայնածավալ հարձակում սկսեց Ուկրաինայի դեմ։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց համախոհները բարձրաձայնում էին, թե արևմտյան երկրները ցանկանում են Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։

Սկզբում նրանք մեղադրում էին ընդդիմությանը և ուկրաինական իշխանության ներկայացուցիչներին` երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձի համար, այնուհետև Եվրամիության թեկնածուի կարգավիճակի որոշումը պատճառաբանում էին պատերազմին միանալուց հրաժարմամբ։

Դրան ի պատասխան` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Քինզինգերը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկություն չունի Վրաստանին ներքաշելու պատերազմի մեջ։ Նմանօրինակ հայտարարությունները, Քինզինգերի գնահատմամբ, ապատեղեկատվություն են ու կատարյալ կեղծիք:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ևս արձագանքելով այս խնդրին, նշել էր՝ ոչ ոք չի ցանկանում Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ, դա ոչ մեկին պետք չէ։

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ապա ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներն իրականացնում են երկրի բարելավման համար կարևոր նախագծերը։ Թերևս, ամենամասշտաբային կազմակերպությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն է՝ USAID-ը, որն աջակցում է Վրաստանում ավելի քան 35 ծրագրերի, կազմակերպության նպատակն է ամրապնդել ժողովրդավարական ձեռքբերումները, ապահովել բարձր աշխատավարձով զբաղվածություն և տնտեսական աճ:

«Եվրամիությունը կհրաժարվի Վրաստանից, եթե վերջինս նույնիսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառի, քանի որ Եվրամիությունն արդեն լքել է Ուկրաինային», — ապատեղեկատվությունը հակաարևմտյան է, նպատակ ունի ընկճելու Վրաստանի եվրոպական ձգտումները կեղծ տեղեկության միջոցով։

2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը լայնածավալ հարձակում սկսեց Ուկրաինայի դեմ։ Ի պատասխան, ԵՄ-ն Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ սահմանեց, ինչպես նաև հանդես եկավ Ուկրաինային աջակցելու հաստատակամությամբ:

Եվրամիությունն օգնում է ուկրաինացի փախստականներին, մարդասիրական օգնություն է տրամադրում Կիևին, ֆինանսական օգնություն՝ ռազմական ներուժը հզորացնելու համար։

Պատժամիջոցների առումով` ռուսական լրատվամիջոցներն արգելված են Եվրամիության տարածքում, պատժամիջոցներ են սահմանվել ռուսական ֆինանսական և տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ։ Դեռևս պատերազմի առաջին իսկ օրերին Եվրամիության խորհուրդը հաստատել էր Ուկրաինային մինչև 2023 թվականը 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության տրամադրումը։

Ամենակարևորը՝ 2022 թվականի հունիսին Եվրամիությունն Ուկրաինային, ինչպես նաև Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար, առաջադրեց նաև 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեությունը հակավրացական է, և նրանց ծախսերը թափանցիկ չեն։

Վերջին շրջանում, հատկապես իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման նախաձեռնությամբ Վրաստանի խորհրդարան ներկայացրած «Օտարերկրյա գործակալների» օրինագծերին առնչվող իրադարձությունների հետ կապված հերթական ապատեղեկատվությունն է տարածվում, մասնավորապես, թե իբր` «Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեությունը հակավրացական է, և նրանց ծախսերը թափանցիկ չեն»:

Նշված օրինագծերի քննարկման ընթացքում Թբիլիսիում լայնամասշտաբ բողոքի ակցիաներ էին ընթանում ընդդեմ այդ օրինագծերի ընդունման: Վրաստանի քաղհասարակությունը, ընդդիմադիր ուժերը և երկրի եվրոպական ապագայով մտահոգ քաղաքացիները դուրս էին եկել փողոց՝ պաշտպանելու իրենց սահմանադրական իրավունքը, այն է՝ Վրաստանը դարձնել եվրոպական ընտանիքի անդամ: Ըստ վերլուծաբանների՝ «գործակալների օրինագծերը», որ հետո «ռուսական օրենք» անվանումն ստացան, Վրաստանի իրական ռազմավարական գործընկերներին՝ ԱՄՆ-ին և ԵՄ-ին համարելու էին ոչ բարեկամ երկրներ, իսկ նրանց կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներին և այդտեղ աշխատող քաղաքացիներին՝ «գործակալներ»:

Երկօրյա լայնամասշտաբ բողոքի ակցիաների շնորհիվ իշխանությունները տապալեցին օրինագիծը: «Վրացական երազանքը» հայտարարեց, որ սկսելու են տարբեր հանդիպումներ՝ հասարակությանն օրինագծերի մասին ավելի «ճշգրիտ» տեղեկություն մատուցելու համար:

Բողոքի ակցիաների ֆոնին՝ Թբիլիսիում հակաարևմտյան և ռուսամետ համարվող ուժերը վրաստանյան առաջատար ՀԿ-ների ղեկավարների նկարներով վարկաբեկիչ պաստառներ էին տարածում:
Մասնավորապես, պաստառների վրա գրված էր, որ վերջիններս «եկեղեցին են անարգում» և այլն: Այնուամենայնիվ, բողոքի ցույցերից հետո կրկին շարունակվում են ՀԿ-ների նկատմամբ որոշ անձանց և կազմակերպությունների կողմից ճնշումները։

Իրականում, վրաստանյան ՀԿ-ները, որոնք հովանավորվում են ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից, աջակցում են Վրաստանի զարգացմանը և եվրաինտեգրմանը։ Նրանց գործունեությունը ոչ թե «հակավրացական», այլ Վրաստանին աջակցող և նրա ԵՄ ինտեգմանը նպաստող է, որը և (Վրաստանի ԵՄ ինտեգրումը) ամրագրված է Վրաստանի սահմանադրությամբ։

Եվրամիությունն ու ԱՄՆ-ը վրացական ընդդիմության հետ փորձում են «երկրորդ ճակատ» բացել Վրաստանում:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի առաջին իսկ օրերից, երբ շատ երկրներ պատժամիջոցներ սկսեցին կիրառել ՌԴ-ի դեմ, զուգահեռ ակտիվորեն տարածվում էր ապատեղեկատվություն, թե Եվրամիությունն ու ԱՄՆ-ը վրացական ընդդիմության հետ փորձում են «երկրորդ ճակատ» բացել Վրաստանում։ Իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» առաջնորդները բազմիցս հայտարարել են, իբր, «երկրորդ ճակատը» բացելու Արևմուտքի ծրագրի մասին, որոշ վերլուծաբանների կարծիքով` դրանով իսկ արդարացնելով Վրաստանի՝ ՌԴ-ի նկատմամբ մասշտաբային պատժամիջոցներ չկիրառելը։

Ապատեղեկատվությանն արձագանքեց ինչպես Վրաստանի քաղհասարակությունը, այնպես էլ` օտարերկրյա պաշտոնյաներ։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը ապատեղեկատվություն որակեց հայտարարությունները, թե ԱՄՆ-ը ցանկանում է «երկրորդ ճակատ բացել» Վրաստանում՝ հավելելով, որ այդ պատերազմում ԱՄՆ-ի և, ընդհանուր առմամբ, Արևմուտքի հետաքրքրությունը կապված է Ռուսաստանի սանձազերծած պատերազմն ավարտելու և խաղաղություն հաստատելու հետ։

Ավելի ուշ, վրացի ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիան և «Լելո» կուսակցության քարտուղար Լանա Գալդավան կոչ են արել «Վրացական երազանքին»` դադարեցնել ապատեղեկատվության տարածումը «երկրորդ ճակատի» մասին, որը, ըստ նրանց, Կրեմլն օգտագործում է հնարավոր սադրանքների համար։

«Վրաստանը փոխում է իր արտաքին քաղաքականությունը և աստիճանաբար հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը»։

Ապատեղեկատվությունը, թե «Վրաստանը փոխում է իր արտաքին քաղաքականությունը և աստիճանաբար հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը», բխում է հակաարևմտյան աղբյուրներից, որոնց նպատակը Վրաստանի եվրաինտեգրմանը խոչընդոտելն է։

Նման ապատեղեկատվությունն ակտիվորեն տարածվում էր, երբ «Վրացական երազանք» կուսակցության և վերջինիս շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իշխող ուժի արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը խորհրդարան էր բերել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը, սակայն, հասարակության բողոքի ցույցերի արդյունքում տապալվեց։

Իրականում, անկախության վերականգնումից ի վեր ,Վրաստանը ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը։ Վերջին ժամանակաշրջանում գրանցված առաջընթացից մեկը եվրոպական հեռանկար ստանալն էր։ 2022 թվականի հունիսի 23-ին Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի դիմումից հետո Եվրոպական խորհուրդը ճանաչեց Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին տալ թեկնածու երկրի կարգավիճակ տասներկու առաջնահերթությունների կատարումից հետո, որոնք սահմանված են Եվրահանձնաժողովին անդամակցության դիմումի հետ կապված եզրակացությունում։

Հատկանշական է նաև, որ օրեր առաջ Եվրամիության Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ մինչև 2030 թվականը և՛ ԵՄ-ն, և՛ անդամ դառնալ ցանկացող երկրները պետք է պատրաստվեն ԵՄ-ի ընդլայնմանը։

Ապատեղեկատվությունը, թե «ԱՄՆ-ը և Եվրամիությունը Վրաստանում բիոլաբորատորիաներ են կառավարում», բխում է հակաարևմտյան աղբյուրներից։

Բիոլաբորատորիաներ վարելու և բիոզենք ստեղծելու մասին տեղեկությունները տարածվում են Ռուսաստանի Դաշնության կողմից մղվող տեղեկատվական պատերազմի շրջանակներում, և գլխավոր թիրախը Լուգարի լաբորատորիան է: Ապատեղեկատվությունը սկիզբ է առել 2018 թվականից ու շարունակում է ակտիվորեն տարածվել մինչ օրս:

Վրաստանում արդեն տասնամյակից ավելի է, ինչ գործում է Հանրային առողջության հետազոտական կենտրոնը` առավել հայտնի որպես Լուգարի լաբորատորիա, որի գործունեության մասին հասարակության շրջանում պարբերաբար ապատեղեկատվություն է տարածվում։

ԱՄՆ-Վրաստան համագործակցության շրջանակներում Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնի շինարարությունը սկսվել է 2004 թվականին, իսկ շենքը ամբողջությամբ շահագործման է հանձնվել 2013 թվականի օգոստոսին։ Այնուհետև բազմաթիվ աղբյուրներ տեղեկություն էին տարածում այն մասին, որ Լուգարի լաբորատորիայում բիոլոգիական և քիմիական զենք է արտադրվում։ Լաբորատորիայի հետ կապված լուրջ մտավախություններ ուներ Մոսկվան, որը Վաշինգտոնից պատասխան էր պահանջում լաբորատորիայի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ։

Նման ապատեղեկատվությունները հիմնականում ստեղծվում են առասպելի հիմքով, այսինքն` առանց որևէ հիմքի: Մի կողմը սխալ տեղեկություն է հորինում կոնկրետ թեմայի վերաբերյալ անորոշություն ստեղծելու կամ մեկ այլ կողմի վարկաբեկելու համար։

Իրականում Լուգարի լաբորատորիան ներկա պահին տարածաշրջանի կարևորագույն լաբորատորիաներից մեկն է։ Այս պահի դրությամբ իրականացնում է շատ կարևոր ուսումնասիրություններ, որոնք առանցքային դեր ունեն մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի համար։ Հենց դրա պատճառով էլ ռուսական քարոզչությունը նման մեթոդով փորձում է վարկաբեկել ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանին։

 

 «Եվրամիության արժեքները չեն համապատասխանում մեր արժեքների հետ, Եվրամիության անդամ դառնալու համար մենք պետք է օրինականացնեինք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների ամուսնությունը»։

Վերոնշյալ ապատեղեկատվությունը փորձագետները դասում են առասպելների շարքին։ Սա «ամենահին» հոմոֆոբ առասպելներից է, որը վրացական լրատվամիջոցներում հայտնվել է 1999-2003 թվականներին։

Շատերը դեռ կարծում են, որ եվրաինտեգրումը սերտորեն կապված է միասեռականների ամուսնությունների օրինականացման և միասեռական զույգերի որդեգրման իրավունքի օրինականացման հետ: Այնուամենայնիվ, միասեռականների ամուսնության ճանաչման հարցը երբեք չի քննարկվել ԵՄ անդամ կամ թեկնածու երկրների հետ։ Փաստորեն, ԵՄ-ում կան բազմաթիվ երկրներ, որտեղ միասեռ ամուսնություններն արգելված են, օրինակ՝ Սլովենիան, Կիպրոսը և Հունաստանը:

Եմ անդամ երկրների կառավարություններն ինքնուրույն են որոշում ամուսնության և ընտանեկան իրավունքի հետ կապված հարցերը։
Այդուհանդերձ, 2017 թվականին Վրաստանի կառավարությունը որոշեց կանխել միասեռականների ամուսնության «սպառնալիքը»՝ փոփոխություններ կատարելով Սահմանադրության մեջ։ Հին Սահմանադրության մեջ կարդում ենք, որ ամուսնությունը «հիմնված է ամուսինների օրինական իրավահավասարության և ազատ կամքի վրա», թեև նշված չէ ամուսինների սեռը։ Սահմանադրության նոր տարբերակում ամուսնությունը սահմանվել է որպես «տղամարդու և կնոջ միություն»։

Վրաստանի ԵՄ անդամակցության հարցը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ նա չի միացել Ռուսաստանի դեմ պատերազմին։

2022 թվականի հունիսին Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար, առաջադրեց նաև 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

2023 թվականի հոկտեմբերին հայտնի կդառնա, թե արդյոք Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի եզրակացությունից հետո` մինչև 2023 թվականի վերջը, Եվրոպական խորհրդի ղեկավարները կգնահատեն Վրաստանի և այլ երկրների առաջընթացը։

Ապատեղեկատվությունը, թե «Վրաստանի ԵՄ անդամակցության հարցը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ նա չի միացել Ռուսաստանի դեմ պատերազմին», բխում է հակաարևմտյան աղբյուրներից. նմանատիպ հայտարարություններ արել են նաև Վրաստանի կառավարության որոշ պաշտոնյաներ, այդ թվում` նաև «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից հեռացած պատգամավորները, որոնք Վրաստանի ԵՄ հեռանկար ստանալուց հետո հրապարակեցին նամակ-ուղերձ, որտեղ նշված էր նաև վերոգրյալ ապատեղեկատվությունը։

Իրականում, Եվրահանձնաժողովի կարծիքը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում կապված չէ երկրում կամ աշխարհում ընթացող ռազմական գործողությունների հետ: Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ներկայացրած դիմումներից յուրաքանչյուրի պատասխանը հիմնված է եղել Եվրահանձնաժողովի մանրակրկիտ և փաստերի գնահատման վրա, մասնավորապես` Վրաստանի դեպքում հաշվի է առնվել Հանձնաժողովի ուղարկած հարցաշարին Վրաստանի կառավարության պատրաստած պատասխանները։