Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը, արձագանքելով Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի գործով վերաքննիչ դատարանի այսօրվա որոշմանը, ասել է, որ որոշումը կասկածի տակ է դնում Վրաստանի եվրոպական ուղին։
«Ես անչափ ապշած եմ Նիկա Գվարամիայի դատավճիռը պահպանելու որոշումից, որը հիմնված է կեղծ մեղադրանքների վրա: Սա ընտրովի արդարադատության ևս մեկ օրինակ է, որը կասկածի տակ է դնում Վրաստանի եվրոպական ուղին»,- նշել է Լեքսմանը:
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Գվարամիային բանտում թողնելու փաստին և նշել, որ այն ժամանակ, երբ Վրաստանի հավատարմությունն անաչառ դատական համակարգին ու ԶԼՄ-ների բազմակարծությանը հատուկ քննության առարկա է՝ Գվարամիայի շարունակվող ազատազրկումը վտանգի տակ է դնում վրաց ժողովրդի հստակ ընտրությունը և վրաց առաջնորդների հայտարարած նպատակը՝ ավելի անվտանգ, ժողովրդավարական, եվրոպական ապագա:
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան կոչ է անում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` օգտվել իր սահմանադրական իրավունքից և ազատություն շնորհել Գվարամիային։
Ի դեպ, Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ևս մեղավոր է ճանաչել Գվարամիային, ըստ այդմ՝ ուժի մեջ է մնացել Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից նրա ազատության կասեցումը 3 տարի 6 ամսով։
Գվարամիայի ազատազրկումը վտանգում է վրաց ժողովրդի եվրոպական ապագան. ԱՄՆ դեսպանատուն