Վերաքննիչ դատարանը քննարկում է ՀԿ-ների բողոքները

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը քննարկում է Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումներին առնչվող ՀԿ-ների բողոքները։

Մասնավորապես, քննարկվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների դեմ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և «Իմ ձայնը» մոնիտորինգային կազմակերպության ներկայացրած բողոքները։ Բողոքները վերաբերում են ընտրությունների գաղտնիության սկզբունքի խախտմանը և բոլոր այն տեղամասերի արդյունքների չեղարկմանը, որտեղ ընտրություններն անցկացվել են էլեկտրոնային համակարգով։

Դեռ հայտնի չէ, թե դատավորների կոլեգիան երբ կհրապարակի որոշումը։ Վերաքննիչ դատարանը վերջին ատյանն է, որը քննելու է ընտրությունների հետ կապված հայցերը:

Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ նիստերը պետք է անցկացվեին նոյեմբերի 5-6-ը, և հայցվորները պետք է մինչև շաբաթվա վերջը տեղեկանային, թե ինչ որոշում է կայացրել Վրաստանի դատական ​​ատյանն ընտրախախտումների վերաբերյալ։

Ինչ է քննարկվում դատարանում

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը քննարկում է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և «Իմ ձայնը» պլատֆորմի համատեղ հայցերը, որոնք վերահսկել են ընտրությունները։ Միայն GYLA-ից 12 հայց է ներկայացվել 40 ընտրատարածքներում կատարված խախտումների վերաբերյալ:

Դատարանը քննարկում է նաև Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի բողոքն ընդդեմ Թեթրիծկղարոյի շրջանային դատարանի որոշման։ Նոյեմբերի 4-ին դատավոր Վլադիմիր Խուճուան նախադեպային որոշում կայացրեց, որի համաձայն` պետք է չեղարկվեին քվեարկության արդյունքները 30 տեղամասերում՝ հաստատելով թափանցիկ քվեաթերթիկների պատճառով քվեարկության գաղտնիության խախտումը։

ԿԸՀ-ն, արձագանքելով այս որոշմանը, պնդեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է, և դրդապատճառները, հավանաբար, քաղաքական են։

Ով է քննարկում հայցը

Հայցերը քննարկում է երեք դատավորներից կազմված կոլեգիան` Գոչա Դիդավան, Դմիտրի Գվրիտիշվիլին և Դավիթ Ախալբեդաշվիլին։

Հասարակական կազմակերպությունները Գվրիտիշվիլիին անվանում են «կլանի» անդամ, որը, իբր, ուղղակիորեն հաշվետու է իշխող «Վրացական երազանք»-ին:

Խորհուրդը չի բավարարել Գվրիտիշվիլիին որակազրկելու ՀԿ-ի խնդրանքը։

Ինչու են հայցերը միավորվել

Ըստ GYLA-ի նախագահ Նոնա Քուրդովանիձեի՝ իրենք հարցրել են, թե ինչու են որոշել միավորել գործերը, որոնք ի սկզբանե պետք է քննեին տարբեր դատավորներ։

Գվրիտիշվիլին պարզաբանել է. «Վերաքննիչ դատարանն ընտրական դատական գործերի վերջին ատյանն է, և սխալ կլինի, որ տարբեր դատավորներ որոշում կայացնեն նույն հայցերի վերաբերյալ, քանի որ դատական պրակտիկան չի կարող տարբեր լինել»:

«Այնպես որ, նա փաստացի խոստովանեց, որ եթե այդ գործերը քննարկեին տարբեր դատավորներ, հավանականություն կար, որ տարբեր որոշումներ կկայացվեին», — ասել է Քուրդովանիձեն:

Քութաիսիի դատարանի որոշումը

Նոյեմբերի 7-ի գիշերը Քութաիսիի վերաքննիչ դատարանը մերժել է GYLA-ի և «Իմ Ձայն»-ի բոլոր հայցերը՝ կապված Արևմտյան Վրաստանում արձանագրված խախտումների հետ։ Համատեղ բողոքները քննարկել է կոլեգիան:

Քուրդովանիձեն վստահ է, որ «համակարգը թույլ չի տա տարբեր որոշումներ կայացնել Արևմտյան և Արևելյան Վրաստանի վերաքննիչ դատարանների մակարդակով»։

Ինչ են պահանջում վրացական հասարակական կազմակերպությունները

GYLA-ն պահանջում է չեղյալ համարել բոլոր էլեկտրոնային ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները։ Դրանց թիվը 2263 է ամբողջ երկրում: Իրավաբանները կարծում են, որ քվեարկության գաղտնիությունը խախտվել է, երբ քվեաթերթիկը վերցնելիս մարկերի հետք է երևացել քվեաթերթիկի հետևի մասում։

ՀԿ-ն հայցեր է ուղարկել Վրաստանի առաջին ատյանի 24 դատարաններ։ Առայժմ ՀԿ-ի բողոքը բավարարել է միայն Թեթրիծկղարոյի դատարանը։

Թեթրիծկղարոյի դատարանի նախադեպին հետևեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրական արձագանքը. «Վրաստանը կփրկվի. հայտնվեցին մեկ պարկեշտ դատավոր և բազմաթիվ անհայտ հերոսներ, չմոռանանք, որ հավատարիմ և ջերմեռանդ քաղաքացուն այս երկրում ոչինչ hետ չի պահի։ Այսօր բոլորը միասին ստեղծում են հսկայական ուժ, որը պաշտպանում է երկիրը և կպաշտպանի հավերժ»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

«Ես որոշում կայացրի, որը պետք է կայացնեի. Ես չմտածեցի, թե ում դուր կգա և ում դուր չի գա այս որոշումը։ Ճշմարտության և արդարության ուժը շատ մեծ է։ Եթե ​​ինչ-որ մեկը կարծում է, որ ժամանակ առ ժամանակ դա կարելի է փոխել, սխալվում է, չի կարող փոխվել։ Մենք չենք կարող կորցնել հույսը»,- ասել է դատավոր Խուճուան։

GYLA-ի իրավաբան Գիորգի Աբուլաձեն ասել է, որ Վերաքննիչ դատարանը փորձ է անցկացրել` պարզելու համար, թե արդյո՞ք ընտրողի քվեն իսկապես տեսանելի է քվեարկելու ժամանակ.

«Դատարանը պարտավորեցրեց փորձը կատարել ԿԸՀ աշխատակցին, որը ժամանակին եղել է տեղեկատվական և ուսուցողական հանդիպումների հրահանգիչ և, բնականաբար, ոչինչ չերևաց: Դրանից հետո դատավորին խնդրեցինք քվեաթերթիկը տեղադրել սարքի մեջ։ Այս անգամ, իհարկե, կարողացանք տեսնել ընտրությունը։ Դատավորներն էլ կարողացան տեսնել»։

Քաղհասարակությունն իր հերթին ակտիվ քննարկում է այս թեման:

«Ընտրությունների քվեարկության գաղտնիությունը հիմնավոր փաստարկ է, բայց դա իրավական փաստարկ է, և մենք չունենք դատարան։ Թանաքի արտահոսքը չի կարող կարգավորել իրավիճակը: Այս փաստարկը պետք է պահել այն ժամանակվա համար, երբ հարցը քաղաքական լուծում կստանա, և գործում պետք կգա ներգրավել իրավաբանի», — ասել է քաղաքագետ, պատմաբան և պրոֆեսոր Բեքա Կոբախիձեն: