Վերաքննիչ դատարանը չի բավարարել հաշիվները սառեցված ՀԿ-ի բողոքը

Թբիլիսիի «Մարդու իրավունքների տուն» հասարակական կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ Վերաքննիչ դատարանը չի բավարարել իրենց բողոքը և ուժի մեջ է թողել հիմնադրամի հաշիվների սառեցումը։

Ըստ Թբիլիսիի «Մարդու իրավունքների տուն» ՀԿ-ի` սառեցումը մնում է ուժի մեջ այն հաշիվների վրա, որոնց միջոցով ՀԿ-ն իրականացրել է ընթացիկ ծրագրեր:

«Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չբավարարեց մեր փաստաբանների բողոքը և ուժի մեջ թողեց քաղաքային դատարանի մարտի 14-ի որոշումը: Կազմակերպության բոլոր հաշիվների սառեցումը մնում է ուժի մեջ, ներառյալ այն հաշիվները, որոնց միջոցով Tbilisi House-ն իրականացրել է ընթացիկ ծրագրերը», — ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, վրաստանյան որոշ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հաշիվները, որոնք վճարում էին եվրոպամետ հանրահավաքների մասնակիցների տուգանքները և հոգում կարիքները, սառեցվել են հակաարևմտյան «Միասնական չեզոք Վրաստան» շարժման պահանջով` դատախազությունում հարուցված «դիվերսիա և թշնամական գործունեությանն օժանդակություն» գործի շրջանակներում: