Վերակազմավորում Թբիլիսիի մանկապարտեզներում

Թբիլիսիի մանկապարտեզներում վերակազմավորում է հայտարարվել. մանկապարտեզների աշխատակիցները, այդ թվում՝ դաստիարակները, համապատասխան հրամանը ստացել են մարտի 20-ին։ Փորձագետները վերակազմավորումը ռեպրեսիա են անվանում, քանի որ կարծում են՝ «Վրացական երազանք»-ը վերակազմավորման անվան տակ քաղաքական հետապնդում է իրականացնում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք քննադատում են իշխող կուսակցության հակաժողովրդավարական քայլերը:

«Բոլոր աշխատակիցները պետք է ծանուցվեն կազմակերպչական փոփոխությունների մեկնարկի կապակցությամբ աշխատանքից հնարավոր ազատվելու մասին», — ասված է հրամանում։

Թբիլիսիի մանկապարտեզները գտնվում են մայրաքաղաքի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Գերատեսչության մամուլի ծառայությունից վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ վերակազմավորում է հայտարարվել ոչ միայն մանկապարտեզներում, այլև Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակայության մյուս բոլոր բաժիններում։

Օմբուդսմեն Լևան Իոսելիանիի խոսքով, քաղաքական դիրքորոշման համար պետաշխատողների աշխատանքից հեռացումն անընդունելի է:

Ուշագրավ է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թբիլիսիի քաղաքապետարանում վերակազմավորում է իրականացվում։ Քաղաքապետ Կախա Կալաձեն, որ նաև «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարն է, այս գործընթացը սկսել է Վրաստանում շարունակվող եվրոպամետ հանրահավաքներին զուգահեռ։

Նոր ընտրությունների պահանջով եվրոպամետ բողոքի ցույցերը Վրաստանում չեն դադարում 2024 թվականի նոյեմբերի 28-ից։ Մարդիկ փողոց են դուրս եկել «Վրացական երազանք»-ի որոշումից հետո, երբ կուսակցությունը հայտարարեց՝ այլևս չի բարձրացնի եվրաինտեգրման համար բանակցություններ սկսելու հարցը առաջիկա չորս տարիներին։

Ցույցերին զուգահեռ «Վրացական երազանք»-ը խստացնում է օրենքները՝ սահմանափակելով խոսքի ազատությունը, ավելացնում է տուգանքները, պարզեցնում աշխատակիցներին հանրային ծառայություններից հեռացնելու գործընթացը։

Աշխատակիցների ազատումը Թբիլիսիի քաղաքապետարանից սկսվել է 2024 թվականի դեկտեմբերի վերջին. առաջին փուլում աշխատանքից ազատվել են մամուլի ծառայության աշխատակից Թաիա Մախարաշվիլին և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող խորհրդի գործադիր քարտուղար Գիգա Սոփրոմաձեն։ Սակայն գործընթացն այսքանով չի ավարտվել։

Թբիլիսիի քաղաքապետարանը աշխատանքից ազատել է այն աշխատակիցներին, որոնք ստորագրել են «Վրացական երազանք»-ի որոշումը դատապարտող ստորագրահավաքի տեքստը, քանի որ կարծում են՝ «Վրացական երազանք»-ի որոշումը խանգարում է երկրի եվրաինտեգրմանը:

ՊՆ-ից 150 աշխատակից է հեռացվել. ճնշումներ պետաշխատողների վրա