
Վենետիկի հանձնաժողովը «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանի ներկայացրած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք սահմանափակում են բողոքի և արտահայտվելու ազատությունը, զեկույց է հրապարակել:
Հանձնաժողովի հրապարակած զեկույցում նշված է, որ օրենքների նախագծերն ընդունվել են «հապճեպ»՝ առանց համապատասխան շահագրգիռ կողմերի ներգրավման, ինչը «խաթարում է այդ փոփոխությունների օրինականությունը, հատկապես հաշվի առնելով զանգվածային բողոքի ավելի լայն քաղաքական ենթատեքստը»։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ օրինաստեղծ գործընթացը հիմնովին թերի է եղել։
«Փոփոխություններով նոր կանոնները պարունակում են մի շարք անորոշ դրույթներ, որոնք իշխանություններին տալիս են չափազանց լայն արտոնություն կիրառման հարցում։ Օրենսդրության հստակության բացակայությունը մեծացնում է դրա չարաշահման վտանգը։ Ավելին, փոփոխությունները պատշաճ կերպով չեն արդարացնում տարբեր սահմանափակող միջոցների ներդրման անհրաժեշտությունն ու համաչափությունը», — ասված է եզրակացության մեջ։
Վենետիկի հանձնաժողովը գրել է, որ խիստ բանտային պատիժները, վարչական իրավախախտումների համար տուգանքների զգալի ավելացման հետ մեկտեղ, «չափազանցված» են։ Նման միջոցները կարող են ճնշող ազդեցություն ունենալ հավաքների և արտահայտվելու ազատության իրականացման վրա:
Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ ֆինանսական տույժերը պետք է համաչափ լինեն հանցագործությանը և պետք է հաշվի առնեն նաև իրավախախտի սոցիալ-տնտեսական համատեքստը։
Օրենսդրական փոփոխությունները քննարկվել և ընդունվել են «Վրացական երազանք»-ի պատգամավորների կողմից արագացված կարգով։ Օրենսդրական փոփոխությունները կատարվել են միաժամանակ ութ օրենքներում, թեև հիմնական փոփոխությունները վերաբերում են երեք օրենքներին։ Սրանք են.
- Հավաքների և մանիֆեստացիայի մասին օրենք,
- Վարչական իրավախախտումների օրենսգիրք,
- Քրեական օրենսգիրք:
Քաղհասարակության կարծիքով՝ «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքներն ուղղված են հավաքների ազատության դեմ, քանի որ դրանք անօրինական են համարում բողոքի ցույցերի իրավունքի բազմաթիվ ասպեկտներ և նպատակ ունեն ճնշելու հավաքների ազատությունը։
Հանրային պաշտպանը ևս քննադատել է «Վրացական երազանք»-ի ռեպրեսիվ փոփոխությունները: Ըստ Օմբուդսմենի, վերոնշյալ փոփոխություններն «ազդում են հավաքների, արտահայտվելու և արդար դատավարության հիմնարար իրավունքների իրացման վրա և ստեղծում են այդ իրավունքների անհամաչափ սահմանափակումների վտանգ»։ Օմբուդսմենը ռեպրեսիվ փոփոխությունների առնչությամբ դիմել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ խնդրելով իրավական եզրակացություն պատրաստել։