Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Վրաստանի կառավարության նախաձեռնած ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը:
Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ ցավում է, որ շատ զգայուն հարցեր շոշափող օրենսդրական նախաձեռնությունը հայտնվել է ուժեղ և տևական բողոքի ցույցերի ֆոնին, քաղաքական և հասարակական ուժեղ լարվածության պայմաններում, հատկապես՝ ընտրություններին նախորդող ամիսներին, և «անտեսում է մի քանի միջազգային դիտորդների արտահայտած մտահոգությունները»։
Վենետիկի հանձնաժողովը առաջարկում է հիմնավորված վերլուծություն կատարել մինչ նոր փոփոխություններ ընդունելը՝ ներգրավելով հասարակության բոլոր շերտերին, հատկապես՝ սեռական և գենդերային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև համապատասխան ոլորտների փորձագետներին և մասնագետներին:
Վիճելի հարցերի արդար և անաչառ գնահատման համար, ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ վերլուծության արդյունքները պետք է հրապարակվեն և անցկացվեն ողջամիտ ժամկետում` անաչառ խորհրդակցության համար:
Սահմանադրական օրենքի նախագծի իրավական գնահատականին անդրադառանալով՝ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ, հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան և Վենետիկի հանձնաժողովի նախկին կարծիքները, վերը նշված պատճառներից ելնելով՝ չի հաջողվել գտնել փոփոխությունների համապատասխանությունը եվրոպական և միջազգային չափանիշներին, և «անգամ այս փոփոխության սոսկ առաջարկը վտանգ է ներկայացնում Վրաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ թշնամական և խարանող միջավայրի սրման համար»։
Ըստ այդմ, Վենետիկի հանձնաժողովը Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս ամբողջությամբ վերանայել այս օրենսդրական առաջարկը և չշարունակել դրա ընդունմանը։ Բացի այդ, սահմանադրական օրենքի նախագծի պահպանման դեպքում Վենետիկի հանձնաժողովը Վրաստանի իշխանություններին տալիս է հետևյալ հանձնարարականը՝ փոխել հոդված 1.1-ն այնպես, որ թույլատրվի միասեռ զույգերի օրինական ճանաչումը, «հետերոսեքսուալ» բառը փոխարինել «միայնակ» կամ «անհատ» տերմիններով։
Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է օրենքի նախագծից հանել 1.3-րդ հոդվածը, որն արգելում է սեռափոխության գործողությունները։ Ավելին՝ այստեղ:
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ պաշտպանել են հակաԼԳԲՏ օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է ԼԳԲՏ անձանց իրավունքների ու ազատությունների սահմանափակում։