Վրաստանում հեպատիտ C-ի վերացման ծրագրի շրջանակներում 2015 թվականից ի վեր հեպատիտ C-ի համար հետազոտվել է ավելի քան 2,3 միլիոն մարդ:
Նրանցից ավելի քան 96 հազարի մոտ հաստատվել է քրոնիկական վարակների առկայությունը: Ըստ տվյալների՝ բուժվել է 78 հազար մարդ, ապաքինման ցուցանիշը կազմել է 98,8 տոկոս:
Հեպատիտ C-ի վերացման պետական ծրագիրը Վրաստանում մեկնարկել է 2015 թվականի ապրիլի 21-ին և մինչ օրս իրականացվում է Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման կենտրոնի (CDC) և «Գիլեադ» դեղագործական ընկերության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակներում հիվանդության ախտորոշումն ու բուժումն անվճար է և հասանելի Վրաստանի քաղաքացիների համար։
CDC-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Վրաստանում հեպատիտ C-ի վերացման ծրագրի 2020-2021 թվականների տարեկան զեկույցը», որտեղ ասված է, որ վերջին 6 տարիների ընթացքում քրոնիկ հեպատիտ C-ի տարածվածությունը նվազել է 67 տոկոսով:
«Հետազոտությունը նաև տպավորիչ արդյունքներ է ցույց տվել հեպատիտ B-ի դեպքում՝ երեխաների մոտ հեպատիտ B-ի տարածվածությունը զգալիորեն ցածր է, քան մեծահասակների մոտ, ինչը վկայում է պատվաստումների ծրագրի հաջող ընթացքի մասին»,- ասված է զեկույցում: