
Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում դիմակ չդնելու համար տուգանքներ նախատեսող, նախորդ շաբաթ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որի համաձայն՝ հանրային փակ տարածքներում դիմակ դնելու կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվելու է 20 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 500 լարիով:
Միաժամանակ, Վրաստանի կառավարության համապատասխան որոշմամբ՝ սահմանվել են այն վայրերը, որտեղ դիմակ դնելը պարտադիր կլինի: Այդ վայրերն են՝
- հանրային և մասնավոր հաստատությունների ընդունարաններ,
- հասարակական տրանսպորտ (տաքսի, մետրո, երթուղային, ավտոբուս),
- վերելակներ և առևտրի կետեր,
- գեղեցկության սրահներ և էսթետիկ բժշկության կենտրոններ,
- մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Հանրային և մասնավոր հաստատություններում անցկացված հանդիպումների ժամանակ, դիմակ դնելը նույնպես պարտադիր կլինի, եթե անհնար է պահպանել սահմանված երկու մետր հեռավորությունը: Հանդիպմանը զեկուցող անձը զեկույց ներկայացնելիս միայն կարող է հանել դիմակը: