«Վախկոտ». ընդդիմախոսները՝ Կոբախիձեին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ բանավեճ ցանկացող ընդդիմախոսներն ասում են, որ վարչապետը դեմ առ դեմ բանավեճի իրական պատրաստակամություն չի ցուցաբերում, և այն ձևաչափը, որն այսօր սահմանել է կառավարության ղեկավարը` խմբային ձևաչափը, իրենց համար ընդունելի չէ։

Արձագանքելով Կոբախիձեի այսօրվա հայտարարությանը, ըստ որի՝ «կառավարության վարչակազմում 12 մարդ է սպասում», «Վրացական երազանք»-ի 2015-2016 թվականների պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ասել է՝ «վախկոտ»:

«Ձևաչափը դեմ առ դեմ է՝ հեռուստատեսությամբ։ Տրամաբանական ընտրությունն «Առաջին ալիքն» է», — գրել է Խիդաշելին՝ հավելելով. «Կա՛մ գալիս է, կա՛մ նա պարզապես վախկոտ է»։

Բանավեճը, որ ցանկանում են քննարկել, ընթացիկ իրադարձությունների և «Վրացական երազանք»-ի որոշման մասին է՝ մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չբերել Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը։

Կոբախիձեն ասել է, որ իր տեղեկություններով՝ բանավեճ են ցանկացել երեք սուբյեկտներ՝ նախկին արտգործնախարար Միխեիլ (Պապունա) Ջանելիձեն, Թինա Խիդաշելին և «Գիրչի» կուսակցությունը։

«Ես նրանց կասեի, որ ընդհանուր առմամբ 11-12 հոգի գան, մենք կառաջարկենք կոնկրետ տեղ, ձևաչափ և հանրային քննարկում կանցկացնենք բոլոր թեմաներով, այդ թվում՝ այս չորս տարիների իրադարձությունների հետ կապված»,- ասել է Կոբախիձեն։

Ի պատասխան՝ Ջանելիձեն Facebook-ում գրել է. «Որևէ մանիպուլյացիա և մեկնաբանություն բացառելու համար նշում եմ, որ ցանկացած խմբային հանդիպում ընդունելի չէ»։

Նա նշել է՝ պատրաստ է Կոբախիձեի հետ հանրային քննարկում անցկացնել «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում։

Դեկտեմբերի 2-ին Կոբախիձեն ասել էր, որ Եվրամիության վերաբերյալ որոշման պատճառով առաջացած բողոքը ցույց է տալիս երկրում «կարդացածն ընկալելու լուրջ խնդրի» առկայությունը։ Դրանից հետո նա առաջարկեց քննարկում «ցանկացած ձևով և ձևաչափով»: