ԱՄՆ-ն ուշիուշով հետևելու է Վրաստանում «ռուսական օրենքի» կիրարկման գործընթացին, հուլիսի 30-ին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
Պատելից հետաքրքրվել են Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հայտարարության մասին: Բրեգաձեն ասել էր, որ «ռուսական օրենքն» ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։
Ըստ Պատելի՝ ԱՄՆ ուղերձը նույնն է. իրենց մտահոգում է այդ օրենքը:
«Մեր ուղերձը մնում է նույնը: Մտահոգությունները, որ մենք ունեինք այդ օրենքի վերաբերյալ, դեռ շատ իրական են և շատ լուրջ: Անկեղծ ասած, այդ օրենքը կարծես վերցված լինի Կրեմլի խաղի կանոնների գրքից, որոնց թիրախը մարդասիրական կազմակերպություններն են, հասարակական կազմակերպությունները, իրավապաշտպանները, լրագրողները։ Մենք դա իսկապես ուշադիր կդիտարկենք, բայց այս պահին այլ նորություն չունեմ»,- ասել է Պատելը:
Ի դեպ, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մայիսին 84 ձայնով ընդունել է «գործակալների օրենքը»։ Հազարավոր մարդիկ փողոցում բողոքեցին այս օրենքի նախագծի ընդունման դեմ, իսկ գործընկեր երկրները հորդորեցին Վրաստանի իշխանություններին հրաժարվել օրենքի ընդունումից, քանի որ դա կխոչընդոտի երկրի եվրաինտեգրմանը։
Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի կառավարությունը հստակ նախազգուշացումներ է ստացել իր գործընկերներից, և ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու» մեղավորների նկատմամբ, իշխող կուսակցությունը պնդում է, որ «գործակալների օրենքը» երկիրը մոտեցնում է Եվրամիությանը։