Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը անհեթեթ և հեգնական է որակել Ռուսաստանի արտաքին հետախուզության հայտարարությունն այն մասին, թե Վաշինգտոնը ցանկանում է փոխել Վրաստանում իշխանությունը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերին նույն օրը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հարցրել են հուլիսի 9-ին ռուսական արտաքին հետախուզության հրապարակած տեղեկատվության մասին։
«Սա կատարյալ սուտ է։ Կարծում եմ՝ բավականին պարզ է, որ դա բացարձակ սուտ է», — ասել է Միլլերը:
Պետդեպարտամենտի խոսնակի խոսքով, սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը նման կեղծ և անհեթեթ մեղադրանքներ է հնչեցնում Վրաստանի և աշխարհի այլ երկրների գործերին Ամերիկայի Միացյալ Նահանգների միջամտության վերաբերյալ։
Միլլերը հեգնական է անվանել իրավիճակը, երբ Ռուսաստանը, որն անօրինական կերպով օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, անհեթեթ մեղադրանքներ է հնչեցնում մեկ այլ երկրի հասցեին։
Հիշեցնենք. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունը հուլիսի 9-ին հայտարարել էր, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է իշխանափոխություն անել Վրաստանում։