ԱՄՆ Պետդեպարտամենտը անհատական պատժամիջոցներ և մուտքի արտոնագրեր է սահմանել։ Սահմանված պատժամիջոցները վերաբերվում են «Վրացական երազանքի» անդամներին, իրավապահներին և այլ մասնավոր անձանց։
Հուլիսի 16֊ին կայացած ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը խոսել է Վրաստանում ընդունված օտարերկրյա գործակալների օրենքների մասին։ Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունն ընդունել է այնպիսի օրենքներ, որոնք փոխում են երկրի ժողովրդավարական կարգը, հետևաբար, Վրաստանի կառավարության գործողությունները հիմնովին փոխեցին հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ․
«Մենք շարունակում ենք աջակցել վրաց ժողովրդի եվրաատլանտյան ձգտումներին, սակայն, ականատես եղանք, որ Վրաստանի կառավարությունը շեղվել է ուղուց, այլ ճանապարհ ընտրել։ Մենք տեսանք, որ Վրաստանի կառավարությունն ընդունել է օրենքներ, որոնք Վրաստանին հեռացնում են իր ժողովրդավարական ուղեծրից»։
Ըստ Միլլերի, Վրաստանում ընդունված օրենքը կարող է ազդեցություն ունենալ քաղաքացիական հասարակության վրա և թույլ տալ կառավարությանը ճնշում գործադրել օրինական ժողովրդավարական իրավունքների վրա։
Հիշեցնենք, որ ընդունված օրենքը իրենից ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, բոլոր այն ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձանց, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հարկ է նշել, որ օրենքը ներառում է այնպիսի սուբյեկտների եկամուտների ստուգում, ինչպիսիք են ՀԿ-ները, ԶԼՄ-ները և այլն: