
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հաստատել է, որ Վաշինգտոնից Թբիլիսի՝ ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլիի անունով:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին արդյոք հրավիրվա՞ծ են Վաշինգտոն՝ գագաթնաժողովին մասնակցելու, հարցին ի պատասխան՝ Միլլերն ասել է. «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի մասնակից երկրների շարքում Վրաստանի արտաքին գործերի նախարարը հրավիրված է մասնակցելու որոշ ուղեկցող միջոցառումների»։
Վրաստանի ԱԳՆ-ից հաստատել են մասնակցությունը, պետդեպարտամենտից պատասխանել են՝ «Վրացական երազանքը» պետք է լսի վրաց ժողովրդին և երկիրը վերադարձնի «եվրատլանտյան ճանապարհ»։
Վրաստանի ԱԳՆ-ն դեռևս հայտարարություն չի տրածել: Վարչապետ Կոբախիձեն, սակայն, հայտարարել է, որ Թբիլիսին ներկայացված կլինի գագաթնաժողովում: