Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում ազատ արձակել ադրբեջանցի լրագրողին

Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանի կառավարությանը կոչ է անում ազատ արձակել ադրբեջանցի լրագրող Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովին: Այդ մասին X սոցիալական ցանցում գրել է Foreign Press USA-ի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն:

«Մենք խորապես վշտացած ենք Թբիլիսիում Աֆղան Սադիգովին ձերբակալելու լուրից։ Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները և անհապաղ ազատ արձակել նրան»,- Պետդեպարտամենտի խոսնակի խոսքը մեջբերել է Վաշինգտոնում բնակվող լրագրող Ռաուֆօղլուն։

Հիշեցնենք. Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին։ Օգոստոսի 4-ին դատավորը արտահանձնման կալանք է սահմանել նրա նկատմամբ։ Նա կմնա անազատության մեջ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշման։

Ըստ ներքին գործերի նախարարության՝ Սադիգովն Ադրբեջանում հետախուզվում է սպառնալիքների և շորթման համար:

Սադիգովի ընտանիքն ադրբեջանական կողմի մեղադրանքը որակել է կեղծիք և ասել, որ Ադրբեջանին արտահանձնվելու դեպքում Ալիևի ռեժիմը դաժան կվարվի Սադիգովի հետ։

Մինչ ձերբակալությունը Սադիգովը հուլիսի 18-ին Թբիլիսիից այլ երկիր թռչելու հնարավորություն չի ստացել։ Օդանավակայանում նրան ասել են, որ կկարողանա լքել Վրաստանը միայն այն դեպքում, եթե մեկնի Բաքու։

Դրանից հետո Սադիգովը հրապարակավ ասել է, որ Վրաստանում այլևս ապահով չի զգում իրեն։ Նա հանդիպել է նաև օմբուդսմենի հետ։ Նրա իրավունքները պաշտպանում է Rights Georgia քաղաքացիական կազմակերպությունը։

Amnesty International-ը կոչ է անում Սադիգովին չարտահանձնել Ադրբեջանին

IPI-ն Թբիլիսիից պահանջում է անհապաղ ազատել ադրբեջանցի լրագրողին