Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով, Վրաստանի կառավարությունը շարունակում է ընթանալ խորապես մտահոգիչ ուղղությամբ: Այդ ուղղությունը, ըստ նրա, երկիրը հեռացնում է եվրատլանտյան հետագծից:
«Մենք մտահոգված ենք կամավոր չգրանցված կազմակերպությունների, քննադատական քաղհասարակության ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ օրենքի կիրառմամբ: Երկկողմ հարաբերությունների բազմակողմ վերանայման շրջանակներում, ինչպես տեղյակ եք, մենք վիզային սահմանափակումներ ենք մտցրել Վրաստանի տասնյակ քաղաքացիների, նրանց ընտանիքների, այդ թվում՝ «Վրացական երազանք» կուսակցության անդամների, խորհրդարանականների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների և այլ անձանց համար»,-ասել է Միլլերը:
Նա նաև նշել է, որ կասեցվել է 95 միլիոն դոլարի օգնությունը՝ հավելելով, որ հարաբերությունների վերանայման գործընթացը շարունակվում է, չեն բացառվում լրացուցիչ քայլեր։