ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով՝ իրենք Վրաստանի նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին «դեռևս չեն հայտարարել», սակայն «չեն վարանելու» այդ հարցում։
Հունիսի 3-ին Պետքարտուղարությունում տեղի ունեցած ամենօրյա ճեպազրույցում Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է պատասխան գործողություններ Վրաստանի խորհրդարանում «գործակալների օրենքի» հաստատումից հետո:
«Մենք պարզորոշ մտահոգություն ենք հայտնել, որ այս օրենքը կշեղի Վրաստանին իր ժողովրդավարական ուղեծրից, կխարանի քաղաքացիական հասարակությանը և կոչնչացնի խոսքի և հավաքների ազատությունը: Սրանք գործողություններ են, որոնք հիմնովին փոխում են ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները: Այդ իսկ պատճառով մենք սկսել ենք վերանայել մեր հարաբերությունները և կքննարկենք Վրաստանի կառավարության նկատմամբ համապատասխան գործողությունը»,- ասել է Միլլերը:
Չնայած այն հանգամանքին, որ հազարավոր մարդիկ բողոքում են օրենքի նախագծի ընդունման դեմ, իսկ Վրաստանի գործընկեր երկրները դա համարում են եվրաինտեգրմանը խոչընդոտող գործոն, խորհրդարանի նախագահն այս օրենքն անվանել է «ամենավրացական օրենք»։
«Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով տասնյակ հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում գրեթե երկու ամիս շարունակ բողոքում էին օրենքի դեմ։ Բողոքի ակցիան շարունակվում է: Օրենքի թիրախում գտնվող կազմակերպությունները մտադիր չեն ենթարկվել օրենքին և դիմելու են բողոքի օրինական միջոցների։