ԱՄՆ-ն պատժամիջոցների փաթեթ է մշակել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ և քննարկում է մոտ ապագայում դրանք կիրառելու հարցը։
Տեղեկությունը «Ամերիկայի ձայն»-ին հաստատել են ԱՄՆ կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ և վարչակազմին մոտ կանգնած երկու անանուն աղբյուրներ։
Անանուն աղբյուրների համաձայն՝ պատժամիջոցների փաթեթի վրա աշխատանքը ղեկավարում են ԱՄՆ ֆինանսների և պետական քարտուղարությունները։
«Մենք տեղեկություններ ունենք, որ նա (Բիձինա Իվանիշվիլին-հեղ.) քայլեր է ձեռնարկել ռուս օլիգարխների հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, քայլեր է ձեռնարկել ապահովելու Ռուսաստանի ավելի լավ մուտքը վրացական շուկա: Փաստորեն, նա որոշակի գործողություններ է կատարել ռուսական հետախուզական ծառայության հրահանգով», — «Ամերիկայի ձայն»-ին հայտնել է ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան՝ անանունության պայմանով:
Ըստ աղբյուրի՝ պատժամիջոցների հիմքում ընկած է 14 024 հրամանագիրը։ Նրա խոսքով, հրամանագիրը «լայն լիազորություններ ունի՝ թիրախավորելու այն անհատներին, ովքեր գործողություններ են կատարում, որոնք խարխլում են ժողովրդավարական ինստիտուտներն ու արժեքները, ներգրավված են միջազգային կոռուպցիայի մեջ…»։
ԱՄՆ վարչակազմին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր նշել է, որ ԱՄՆ կառավարությունն «արդեն պատրաստել է պատժամիջոցների փաթեթը և նախատեսում է ընդունել այն»:
Հիշեցնենեք. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրեր առաջ հայտարարել էր Վրաստանում պատժամիջոցների հերթական փաթեթի մասին: Հայտարարության մեջ ասվում է, որ վիզային սահմանափակումը կվերաբերի ավելի քան 60 մարդու, այդ թվում՝ կառավարության, իրավապահ մարմինների պաշտոնյաներին և նրանց ընտանիքների անդամներին։ Սահմանափակումը կտարածվի նաև խորհրդարանի այն պատգամավորների վրա, որոնք որոշիչ դեր են ունեցել «ռուսական օրենք»-ի ընդունման գործում։
Վրաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարել է նաև ԱՄՆ ֆինանսների նախարարությունը. այս ցուցակում ընդգրկված է 4 անձ, որոնց թվում են ռուսամետ «Ալտ-Ինֆո» շարժման առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն։ Բացի այդ, պատժամիջոցները վերաբերում են Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիին (Խարաբա) և նրա տեղակալ Միլեր Լագազաուրիին։