Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) փոխտնօրեն Էրին Մակիի հետ, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է ԱՄՆ-ի կողմից Վրաստանին բոլոր առանցքային ոլորտներում ցուցաբերվող անսասան աջակցությունը։
Ընդգծվել է, որ այս տարի լրանում է Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, որի ընթացքում ԱՄՆ-ն իրականացրել է տարբեր ծրագրեր, մեծ ներդրում է ունեցել Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տնտեսական աճի և Վրաստանի եվրաատլանտյան նկրտումների աջակցության գործում։
«Հանդիպմանն ընդգծվել է, որ Վրաստանը կշարունակի մնալ ԱՄՆ-ի ամենամոտ և վստահելի գործընկերը տարածաշրջանում, և Վրաստանը պատրաստ է էլ ավելի ամրապնդել այդ ամուր գործընկերությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: