ԱՄՆ կառավարությունն ինքնուրույն է որոշումներ կայացնում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերաբերյալ հայտարարությանը:
Կոբախիձեն հայտարարել էր, թե ԱՄՆ նոր պատժամիջոցների համար «մեղավորը ոչ թե ԱՄՆ պետդեպարտամենտն է, այլ օլիգարխիկ ուժերը, որոնք հիմնարար ազդեցություն ունեն ԱՄՆ պաշտոնական ինստիտուտների վրա»:
«Միայն սա կասեմ. ԱՄՆ-ում, ի տարբերություն որոշ երկրների, կա ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություն, որն ինքնուրույն է ընդունում քաղաքական որոշումները», — ասել է Միլլերը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վրաստանում պատժամիջոցների հերթական փաթեթի մասին: Հայտարարության մեջ ասվում է, որ վիզային սահմանափակումը կվերաբերի ավելի քան 60 մարդու, այդ թվում՝ կառավարության, իրավապահ մարմինների պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին։ Սահմանափակումը կտարածվի նաև խորհրդարանի այն պատգամավորների վրա, ովքեր որոշիչ դեր են ունեցել «ռուսական օրենք»-ի ընդունման գործում։
Վրաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարել է նաև ԱՄՆ ֆինանսների նախարարությունը. այս ցուցակում ընդգրկված է 4 անձ, որոնց թվում են ռուսամետ «Ալտ-Ինֆո» շարժման առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն։ Բացի այդ, պատժամիջոցները վերաբերում են Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիին (Խարաբա) և նրա տեղակալ Միլեր Լագազաուրիին։