Վաշինգտոնը որոշում կկայացնի ըստ ընտրությունների արդյունքների. Ֆրիդ

Վաշինգտոնը Թբիլիսիի վերաբերյալ որոշում կկայացնի՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչպես կանցնեն վրաստանյան խորհրդարանական ընտրությունները, Թբիլիսիի ամենամյա միջազգային համաժողովում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դենիել Ֆրիդը:

Ֆրիդն անհասկանալի է համարել այն պնդումը, թե «Օտարերկրյա գործակալների մասին օրենք»-ը կապահովի Վրաստանի ինքնիշխանությունն ու հզորությունը։ Ի դեպ, այդպիսի պնդումներ են անում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները:

Ըստ նրա՝ Վրաստանի ինքնիշխանությունը կախված է կենսունակ, ակտիվ քաղաքացիական հասարակությունից, քանի որ վրաց ժողովրդի ուժն է պահպանում Վրաստանի անկախությունը:

«Ռուսաստանը պատերազմներ է սկսում ռուսական կայսրությունը վերականգնելու համար, իսկ ինչո՞ւ պետք է Վրաստանին ձեռնտու լինի հարձակվել քաղաքական կուսակցությունների վրա և վերացնել դրանք։ Սա ինձ հուզող հարց է, և ոչ ոք չի պատասխանել իմ հարցին»,- ասել  է Ֆրիդը:

Ֆրիդի կարծիքով` Վրաստանի հզորությունը կախված է ժողովրդավարությունից. ամերիկացիները չեն ցանկանում, որ Վրաստանը կորցնի իր ժողովրդավարությունը, ստեղծի հերթական ավտորիտարիզմը և, ի վերջո, ենթարկվի Մոսկվայի իշխանությանը։

«Հնարավոր է՝ «Վրացական երազանք»-ը հաղթի ազատ և արդար ընտրություններում, հնարավոր է՝ պարտվի և կեղծի ընտրությունները, հետևաբար՝ Ամերիկան ​​որոշում կկայացնի՝ ելնելով այն իրողությունից, թե ինչպես կանցկացվեն այդ ընտրությունները։ Լավագույն արդյունքը կլինի ազատ և արդար ընտրությունը: Ոչ ոք չի ցանկանում սանկցիաների միջով անցնել: Եվրոպան և Ամերիկան ​​միջոցներ ունեն (սանկցիաների — հեղ.), եթե անհրաժեշտ լինի, բայց մենք հուսով ենք, որ դրա անհրաժեշտությունը չի ծագի»,- ասել է Ֆրիդը։